27/07/2024

Ո՞րն է երաշխիքը կամ ո՞վ է երաշխավորը, որ «սահմանազատումից» հետո Ադրբեջանը «տանկեր չի մտցնելու» …

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է «մեզ պատերազմի մեջ ներքաշելու» մտադրության մեջ: Հայտնի ասույթ կա՝ «պատերազմը չափազանց բարդ գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին»:

Մեր դեպքում կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ նոր պատերազմը չափազանց ծանր եւ պատասխանատու որոշում է, որպեսզի այն թողնվի կամ մնա, կամ վերապահվի Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասությանը: Ընդ որում, այդպես է եղել նաեւ քառասունչորսօրյա եւ սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա պատերազմի դեպքում:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սահմանազատումը Տավուշն ավելի անվտանգ է դարձնում: Ֆորմալ առումով դա այդպես է: Բայց ո՞րն է երաշխիքը կամ ո՞վ է երաշխավոր, որ «սահմանազատումից» հետո Ադրբեջանը «տանկեր չի մտցնելու» Խեյրիմլի կամ Աշաղի Ասքիպարա, եւ չենք ունենալու նոր՝ Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր շփման գիծ, քանի ներկայումս ունենք կամ ունեինք: Գերխնդիրը սա է: Թե չէ պատերազմ կարող է սկսվել նաեւ այն դեպքում, երբ Ոսկեպարում եւ Խեյրիմլիում կանգնած լինեն միայն ավտոմատներով զինված սահմանապահ ուժեր կամ նույնիսկ ոստիկանական պարեկախմբեր:

Ի՞նչ է նշանակում «կասեցնել» կամ «բեկել» գործընթացը, որ նպատակ է հռչակել Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժումը: Հայաստանը պետք է հրաժարվի՞ «լոկալ սահմանազատման» կամ սահմանը «քայլ առ քայլ ճշտելու» հայեցակարգից, թե անընդունելի է իրավական հի՞մքը: Եթե չենք ընդունում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի լեգիտիմ սահմաններն այն են, ինչ ունեցել են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, ապա ի՞նչ իրավական ուժ ունեցող ակտ ենք հիմք ընդունում:

Այստեղ ներհայկական բանավեճը որեւէ օգտակարություն չունի: Երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իշխանափոխության հարցում ԼՂ հարցը պատրվակ է, խնդիրը խորքային է եւ կապված է պետականության հիմունքների շուրջ արմատական տարակարծության հետ, երեւի հենց դա էլ նկատի էր ունենում, այն, ինչ այսօր սոցցանցային տիրույթում ձեւակերպվում է «ո՞րն է բաբո, մեր հայրենիք» պոետական հարցադրմամբ:

Մի րոպե ենթադրենք, որ Տավուշում «լոկալ սահմանազատման» կամ «միակողմանի զիջման գործընթացը կասեցվել է, բեկվել»: Ո՞րն է Հայաստանի հաջորդ քայլը, եթե բացառենք, որ Ադրբեջանը «զինու ուժով կվերադաձնի իր չորս գյուղերը»: Մենք չգիտենք, թե դիվանագիտական ի՞նչ «քեյսով» է Ալմաթի մեկնելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, բայց շահագրգիռ մայրաքաղաքների եւ առաջին հերթին հյուրընկալող երկրի նախագահի հայտարարությունից տպավորություն կա, որ նրանք Բաքվին հորդորում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմք ճանաչել Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը:

Դա Բաքվին ոչ մի առումով ձեռնտու չէ, քանի որ հակասում է պետականության այն հիմունքներին, որ ամրագրված են «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով (18.10.1991թ), ինչի հիման վրա էլ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1992թ. փետրվարին Ալմա-Աթայի հռչակագիրը չի վավերացրել: Այդ ակտն Ադրբեջանի գործող սահմանադրության հիմքն է: Ընդունել Ալմա-Աթայի հռչակագրի գերակայությունը ներպետական իրավական ակտի նկատմամբ, Ադրբեջանի համար նշանակում է հրաժարվել ԱԴՀ իրավահաջորդությունից, ասյինքն՝ պետական ներկայիս ինքնությունից:

Ինչ խոսք, Ալիեւն այդ մասին երբեք չի բարձրայնել եւ չի բարձրաձայնի: Նրա խնդիրն է՝ ստեղծել իրավիճակ կամ նպաստել մի իրավիճակի ձեւավորմանը, երբ Հայաստանը կհրաժարվի Ալմա-Աթայի հռչակագրի իրավական հիմքով հարաբերությունների կարգավորումից: Այդ դեպքում Բաքուն գործի կդնի Ադրբեջանի նկատմամբ «Հայաստանի տարածքային պահանջների, սպառազինվելու եւ նոր պատերազմի նախապատրաստվելու եւ ինքնապաշտպանության իրավունքով պրեվենտիվ հարված հասցնելու անխուսափելիության» քարոզչությունը: Ըստ ամենայնի, այդ դեպքում Հայաստանին ոչ ոք պաշտպան չի կանգնի: Բոլորը կսպասեն նոր պատերազմի, նոր շփման գծի ձեւավորմանը: