Կիրանցեցի Գոհար Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ անկախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությունից, մարդկանց ոգեւորությունից, կիրանցեցիները վստահ են` այլեւս իրենց գյուղի համար առաջվա պես լավ չի լինելու` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ:
Գոհարը կարծում է, որ ինքն այս օրերին գյուղին ավելի է պետք, քան մայիսի 9-ին Երեւանում կայանալիք բողոքի ակցիային. «Երեւանում հազարների մեջ մի հոգին բան չի փոխի, իսկ էստեղ` Կիրանցում, մի քանի հարյուրի մեջ մեկը շատ կարեւոր է…»:
– Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կիրանցում: Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց, որ 90 տոկոսով սահմանազատման աշխատանքներն արված են:
– Ժողովուրդն ինֆորմացիա ստանում է իր տեսածով, մեկը մյուսից լսելով: Կիրանց-Խեյրիմլի հատվածում դրվելու է 11 սյուն: 11-ից 6-ը, եթե չեմ սխալվում, արդեն դրված է: Մնացած սյուներն էլ պետք է դնեն էս քանի օրը: Փաստացի, ճիշտ է ասում, 5 սյուն է մնացել` ամենացավալի սյուները:
– Ինչո՞ւ ամենացավալի:
– Ասում են՝ սյուները շատ մոտ չեն լինելու գյուղին, բայց չենք հավատում, մեզ շատ են խաբել: Ըստ հրապարակված քարտեզի, այն, ինչ ես տեսել եմ, այդ սյուները պետք է տեղադրվեն դպրոցից 200 մետր ներքեւ: Իսկ եթե այդ սյունն էլ մյուս սյունին միանա շրջանաձեւ, դպրոցի հեռավորությունը դառնում է ընդամենը 50 մետր: Հիմա մնացել է, որ դնեն այն սյուները, որոնք գտնվելու են Կիրանց բնակավայրից ամենամոտը: Մարդու տնից, դպրոցից 50 մետր հեռավորության վրա, 50 մետրն էլ եմ երեւի շատ ասում: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ կարող է այդ հատվածներում չլինեն սյուներ, սակայն չենք հավատում: Դա մարդկանց հանգստացնելու համար արված հայտարարություն է: Չափագրման աշխատանքներին մասնակցում են նաեւ ադրբեջանցի ներկայացուցիչներ:
– Ադրբեջանցիները փաստացի հասնում են Կիրանց:
– Կիրանցից ամենամոտ սյունը 500 մետրի վրա է:
– Քանի՞ տուն է անցնելու Ադրբեջանին` այդ սահմանազատում կոչվածից հետո:
– Ըստ կառավարության կողմից հրապարակված քարտեզի՝ երկու տուն անցնում է Ադրբեջանին: Մի գիծը քարտեզի վրա գուցե շատ փոքր է թվում, բայց հողի վրա 10-20 մետր տարածք է: Հիմա իբր ասում են` ամեն ինչ մեր ուզածով է լինելու եւ այլն, բայց ո՞վ է հավատում:
– Մի գրառում էիր արել, որ ընդդիմադիրների գաղափարակիցը չես եղել երբեք, սակայն այս օրերին նրանք են կանգնած կիրանցեցիների կողքին:
– Այո, անգամ կրոնական չեմ եղել, վերջին անգամ եկեղեցում մոմ վառել եմ 8-րդ դասարանում, բայց եթե այս պահին իմ գաղափարակիցներն իմ կողքին չեն գալիս կանգնում, չեն բարձրաձայնում, որ մեր իրավունքները ոտնահարվում են, տներն անցնում են Ադրբեջանի կազմ, իսկ իմ կողքին կանգնել է Բագրատ սրբազանը, իմ կողքին կանգնել են ընդդիմադիր պատգամավորները, որոնց երբեք իմ գաղափարակիցը չեմ համարել, բայց նրանք փորձում են մեր խնդիրներին լուծում տալ: Մի գյուղից` 300 հոգուց 150-ին բերման են ենթարկում, դա նույնն է, որ Երեւանից 100 հազար տղամարդու բերման ենթարկեն…. Միակ մարդը, ով դիմավորել է գյուղի տղամարդկանց, աջակցել է, եղել է Գառնիկ Դանիելյանը: Ես հիմա ո՞նց այդ մարդու արածը չբարձրաձայնեմ:
– Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպումից հետո դուրս եկար ու լաց եղար: Ի՞նչ էր ասել, որ այդպես հուզվել էիր:
– Մենք նրա հետ զրուցել ենք 2 ժամ: Առաջին 15 րոպեից հետո արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Բայց ենթադրվում էր, որ եթե ինքն է մեզ կանչում, գոնե մի հուսադրող բան պետք է ասի, որ ինչ-որ բան է փոխվել: 15 րոպե անց պարզ դարձավ, որ մեզ կանչել է պարզապես ավելի մանրամասն նույն բանն ասելու: 2 ժամ նստել եմ այդ հանդիպմանը, ուղիղ մեկ ժամը լաց եմ եղել:
– Իսկ Փաշինյանն ինչպե՞ս արձագանքեց քո այդ վիճակին:
– Երկու ժամ նստած եմ եղել, մի ժամը լաց եմ եղել, անգամ անձեռոցիկ չկար, շորերովս եմ արցունքներս սրբել…. ես անգամ նրա աչքերի մեջ չեմ նայել: Ամենասարսափելին այն է, որ էս մարդիկ իմ իրավունքների վրա թքած ունեն, էս մարդկանց չի հետաքրքրում, որ մեր անվտանգությունը մնում է օդից կախ, ոչ մի բան չեն երաշխավորում: Ինձ նրանց խոսքերը չեն բավարարում, ինձ պետք են երաշխիքներ:
– Փաշինյանը 2021 թ. ընտրություններին Կիրանցում ու մյուս սահմանամերձ գյուղերում հիմնականում հաղթել է: Հիմա է՞լ է նույն վիճակը:
– Մարդիկ հիասթափված են: Նա ամեն ինչ շատ վատ է ներկայացնում, բայց եթե մի պուճուր բան լավ լինի, դա իրեն է վերագրելու, թե իբրեւ ինքն արեց ամեն ինչ: Ես իրեն երբեք չեմ ընտրել, հիմա էլ չեմ ընտրելու:
– Քո ֆեյսբուքյան էջից տպավորություն է, որ դու ՀԱԿ-ի համակիր ես:
– Այո, ես ՀԱԿ-ին եմ ընտրել, կողմ եմ եղել Արցախի 5 շրջանների հանձնմանը, խաղաղությանը, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի արածը չի տանում մեզ խաղաղության:
– Գյուղից շատերը քայլերթով Երեւան են գալիս, իսկ դո՞ւ:
– Գյուղի մեծ մասը մնացել է գյուղում, սրբազանին միացողներն էլ են շատ: Չենք ուզում գյուղը թողնել: Ես չգիտեմ՝ վաղն էստեղ ինչ է լինելու, ինձ համար առաջնայինն իմ գյուղն է: Եթե անգամ իմանամ, որ վաղն էստեղ գալու են, մարդկանց ծեծելով տանեն, կմնամ, որ փորձեմ կանխել մի բան: Ես այստեղ ավելի կարեւոր եմ, ավելի պետք եմ գյուղին: Երեւանում մի հոգի էս կողմ, մի հոգի էն կողմ, բայց էս փոքր գյուղում մի հոգին էլ է բան փոխում:
– Ամեն դեպքում, ինչպես հասկացա` բոլորի հույսը Բագրատ սրբազանն է:
– Անկեղծ ասած, չգիտեմ՝ մինչեւ մայիսի 9-ն ինչ տեղի կունենա: Գուցե մայիսի 9-ին ամեն ինչ շատ ուշ լինի արդեն: Այ, հիմա ական պայթեց` այս պահին: Կիրանցի համար ինչ էլ լինի, էլ լավ չի լինելու: Անգամ եթե շարժումը հաջողի: Գյուղացիներն ասում են` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ, մեզ համար էլ լավ չկա….
– Էդպես մի ասա, Գոհար:
– Փաստն եմ ասում: Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ էստեղ պատերազմ չսկսվի: Եթե Ադրբեջանը գիտակցի, որ նոր շարժումը հաջողում է, չգիտեմ ինչ կարող է լինել:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը