27/07/2024

Ի՞նչ զարգացումներ կհետեւեն: Թուրքիան կսկսի՞ ծրագրած «հատուկ ռազմագործողությունը»

Գամբիայի մայրաքաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդաժողովի ելույթում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիդանը մուսուլմանական երկրներին կոչ էր արել Պաղեստինի պետության հռչակման գերխնդիրը չստորադասել տարածաշրջանի առաջնորդության համար մրցակցությանը:

Մերձավոր Արեւելքի իսլամադավան երկրներից ազդեցիկ են Թուրքիան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Ու՞մ նկատի ուներ Ֆիդանը՝ կարելի է ենթադրել վերջին տեղեկատվությունից. Իրանի նախագահ Էբարհիմ Ռաիսին այցել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ եւ բանակցություններ վարել տեղաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ:

Ռաիսին հորդորել է, որ տեղական եւ կենտրոնական կառավարությունը թույլ չտան, որպեսզի Իրաքի տարածքն օգտագործվի Իրանի եւ «իսլամական հեղափոխության դեմ»: Նա փաստացի պահանջել է, որ Իրաքի կառավարությունը «զինաթափի եւ արտաքսի այն ուժերին, որ գործում են Իրանի դեմ»: Իրանի նախագահն Իրաքյան Քրդաստան է այցելել Թուրքիայի եւ Իրաքի միջեւ անցյալ ամիս ձեռք բերված սկզբունքային համաձայնությունից հետո: Թուրքիան նախապատրաստվում է Իրաքի հյուսիսում ռազմական գործողության՝ նպատակ ունենալով ստեղծել երեսուն կիլոմետր խորքով «բուֆերային գոտի»:

Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել էր, որ ռազմագործողությունը «հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը»: Բայց թուրք-իրանական շփումները հայտարարությունից այնկողմ, երեւում է, չեն անցել: Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, ինչպես հասկացվում է նրա հայտարարություններից, որպեսզի պաշտպանի իր երկրի ռազմավարական շահը. Իրաքի հյուսիսում երեսուն կիլոմետր խորքով թուրքական «բուֆերային գոտին» կկտրի «շիադավան աղեղը»: Իսկ այն Իրանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որով էլ պայմանավորված է Իսլամական հանրապետության տարածաշրջանային ազդեցությունը, կարելի է ասել՝ նրա միջազգային հեղինակությունը:

Ըստ էության, Իրանը հասկացնում է, որ չի ընդունում Իրաքի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» իրականացնելու Թուրքիայի իրավունքը եւ պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել իր ստեղծած «շիադավան աղեղը»: Ուշագրավ է, որ Ռաիսին Էրբիլ է այցելել Թուրքիայի նախագահի Վաշինգտոն ուղեւորությունը «հետաձգելու» կապակցությամբ թուրք-ամերիկյան դիվանագիտական տարաձայնությունների ֆոնին: Վաշինգտոն Էրդողանի այցի գլխավոր նպատակը «հատուկ ռազմագործողության,, հարցում համաձայնության հասնելն էր: Իրանի նախագահն, ըստ երեւույթին, փորձում է օգտագործել այդ «ճեղվածքը» եւ թույլ չտալ, որ Թուրքիան «կլանի Իրաքը»:

Մերձավոր Արեւլքում թուրք-իրանական մրցակցությունը, կարծես, բացահայտվում է: Բոլորովին վերջերս Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթին բաց տեքստով հայտարարեել է, որ Իրանը միակ երկիրն է մնացել, որ թույլ չի տվել Թուրքիայի ձեռնտու «միջանցքի ուժային բացումը»: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին իր հերթին դժգոհել է Ռուսաստանից, որ «Հարավային Կովկասում Իրանին ոչինչ չի թողել»:

Ի՞նչ զարգացումներ կհետեւեն: Թուրքիան կսկսի՞ ծրագրած «հատուկ ռազմագործողությունը»: Իրաքի կենտրոնական կառավարությունը կանսա՞ Իրանի նախագահի հորդորներին: Ռաիսին, ճիշտ է, շեշտը դրել է Իրաքի տարածքում «Մոսադի» գործակալական ցանցի վտանգավորության վրա, բայց դա, հնարավոր է, դիվանագիտական այլասացություն է: