«Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիեւի լիարժեք աջակցությունն ունի, եւ նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչեւ այս շարժման հարցերը լուծեն:
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման արդյունքում իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կիրանցեցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու անձամբ էր գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է` որոշ տներ մնալու են Ադրբեջանին, իսկ դպրոցը պաշտպանելու համար Հ1-ի եթերում ասում էր` ծառեր կտնկենք։
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը երեկ ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ասել է, որ մենք ոչինչ չենք կորցնում, մի բան էլ 3 հեկտար ադրբեջանական հողերից մեզ է անցնում։
«Հիմա սպասում ենք գյուղի եւ կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»:
Կիրանցեցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի եւ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցեցիները գոհ են գործընթացից»:
Մինչ կիրանցեցիները քուն ու դադարը կորցրած որերորդ գիշեր-ցերեկը իրար խառնած պայքարում են, մի մասը ոտքով կիլոմետրերով ճանապարհ են կտրել դեպի Երեւան, որ կասեցնեն իրենց գլխին կախված «սահմանազատում» անունով աղետը, Կիրանցի վարչական ղեկավարը հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին եւ անակնկալի բերում իր համագյուղացիներին: Պարզվում է, որ Կարո Շահինյանը տեղի ունեցող իրադարձություններին սկսել է նայել Նիկոլ Փաշինյանի ակնոցներով: Մինչ այսօր Շահինյանն իր համագյուղացիների հետ պայքարում էր սահմանազատման դեմ, իսկ երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դուրս եկավ Կիրանցից եւ թափ հավաքելով հասնում է Երեւանին, Շահինյանը գնում է «դեպքի վայր»` սահամանազատման գոտիներ, ու ասում է. «Ինչ ես տեսա՝ պատկերացրածիցս լավն ա եղել, իրանց գյուղից 25% անցնում ա մեզ»:
«Սահամանզատումն անում են հենց սահմանի գծի վրով: Պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականը ա եղել էդ ամեն ինչը: Նույնիսկ եկած մինչեւ էդ տասնհինգ կետը, որ իրանց գյուղի համարյա 25 տոկոսի մեջ ա: Այսինքն, իրանց գյուղից մի 25 տոկոս էլ անցնում ա մեզ: Մենք ունեինք բարձունք` Խաչի յալ կոչվող, որը որ հենց ուղիղ խաչի վրա էր էդ կետը, ըտեղից մի 25 մ իջեցրել են, որի համար շնորհակալ եմ էդ մարդկանց, ովքեր որ իրականացրել են էդ ամեն ինչը: Հիմա մնում ա մեր էս քիթը` գյուղի մասը, ամենացավալի: Այ պատկերացրեք, այն 9,5 հա կորցնում էինք, էդ էլ իջեցված ա գետովը, մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում»-ասել է նա:
Շահինյանի այս կարճ հարցազրույցը իշխանական ստատուսչիներն ու ֆեյքերն արագ-արագ տարածում են համացանցում եւ քարկոծում Բագրատ Սրբազանին ու իր առաջնորդած շարժումը, փառաբանելով «հայրենասեր, փրկիչ» վարչապետին:
Վարչական շրջանի ղեկավարը, բնականաբար, պետական պաշտոնյա է` նշանակված Իջեւանի քաղաքապետի կողմից: Իսկ Իջեւանի քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է: Հետեւաբար, զարմանալի չէ, որ այս վճռական պահին իշխանությունը կարողացավ օգտագործել իր «աշխատողին» ու նրանից այսպիսի «հարցազրույց-ցուցմունք» կորզել: Բայց նաեւ չի բացառվում, որ Շահինյանին ուղղակի խաբել են, օգտվել նրա միամտությունից եւ օգտագործել` Տավուշի համար պայքարող մարդկանց թիկունքից հարված հասցնելու համար: Ի վերջո, այս տարիներին իշխանություն կոչվածն այնքան է խաբել, իր խոսքից հրաժարվել, մի բան ասել` մեկ այլ բան արել, որ խելոք մարդիկ վաղուց նրանց չեն հավատում: Իսկ մեր գյուղերում դեռ այնքա՜ն միամիտ ու դյուրահավատ մարդ կա…
Բաց մի թողեք
Կաթվածի է հասցնում այն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ․ Տեսանյութ
Հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի․ Լուսանկարներ. ՀԺ
Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին