27/07/2024

Ներքին լարումների «լարի վրա խաղալը» դեռ որքան կստացվի ու մինչև ուր

Շարժումը առաջնորդում է Վեհափառը, իսկ դրա շահառուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թվում է, որ նոր բան չկա, Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է խաղարկել Ռոբերտ Քոչարյանի անունը, որպեսզի ծավալվող գործընթացը դրա միջոցով կարողանա շատ ավելի արագ ու արդյունավետ տեղավորել իր համար նպաստավոր «նախկին-ներկա» տրամաբանության մեջ, որտեղ Փաշինյանը իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում»:

Դա անշուշտ կա, սակայն Փաշինյանի հայտարարությունը բավական պարզ է, սովորական քարոզչություն ընկալվելու կամ դիտվելու համար: Բացի վերը նշված խնդրից, որ նա կարող էր սպասարկել նաեւ իր թիմակիցների՝ պատգամավորների, այլ տրամաչափի պաշտոնյաների, նաեւ տեղեկատվական ռեսուրսների միջոցով, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի իր հայտարարության մեջ դնում է այլ խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանին թիրախում դնելով թերեւս ոչ միայն իր համակիրների համար, այդպես թիրախավորելով նաեւ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթ-շարժումը, այլ նաեւ հենց շարժման ներսում:

Իհարկե այս դեպքում խոսքը թերեւս կարող է վերաբերել ավելի շուտ տրամադրությունների, այսպես ասած՝ կասկածների մակարդակում թիրախավորում խթանելու մասին, որը կարող է չունենալ արտաքին դրսեւորումներ: Բայց, Փաշինյանին այս պահին արտաքինը թերեւս պետք էլ չէ, զգալի բավարար կարող է լինել այն ներքին լարումների «լարի վրա խաղալը»՝ թող ներվի այս բառախաղը, որը թույլ կտա առաջացնել փողոցում ծավալվող գործընթացում ներքին հոգեբանական անջրպետներ:

Դրա մասին է թերեւս վկայում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պառասխանը, որ հնչեցրել է գրասենյակի ղեկավարը: Այն բաականին հակիրճ է եւ բազմիմաստ՝ «դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»: Քոչարյանի գրասենյակն ըստ ամենայնի ակնարկում է, թե ինչո՞ւ շահառու նկատելով երկրորդ նախագահին, Նիկոլ Փաշինյանը «մոռացել» է երրորդ նախագահ Սարգսյանի անունը:

Առավել եւս, որ հենց Սերժ Սարգսյանն էր օրեր առաջ, ապրիլի 24-ին ցեղասպանության հուշահամալիրի մոտ պատասխանելով լրագրողների հարցերին ասել, որ՝ իհարկե իշխանության դեմ պայքարի նոր ալիք լինելու է: