27/07/2024

Ադրբեջանից ակնկալվել է Իսրայելի հարցում գործել Աննկարայի դիրքորոշումներին համահունչ

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Իսրայելցի պաշտոնյան այդ մասին գրառում է արել սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ «բարեկամական հանդիպում» ունեցան Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի հետ: Ըստ նրա, քննարկմանը «հատուկ ուշադրություն» է դարձվել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներին: Ինչու՞ է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել Իսրայել:

Թելլ ավիվից օգնությու՞ն ակնկալելու, թե՞ ասելու, որ Բաքուն այս փուլում ոչնչով չի կարող օգնել Թել Ավիվին եւ լավ է մնան «բարեկամներ»: Անշուշտ, բավականին դժվար է ասել միարժեք, որովհետեւ իրավիճակը թե Կովկասում, թե հատկապես Մերձավոր Արեւելքում բավականին բարդ է եւ բազմաշերտ զարգացումներով լի: Իրաքյան Քուրդիստանի նախագահը այց է կատարել Իրան: Իրանի միջուկային էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային՝ միջուկային խաղաղ ծրագրի զարգացման գործում: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիային միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների տրամադրմանը դեմ է Իսրայելը: Կատարն ու Եգիպտոսը քննարկումների արդյունքում կազմել են Գազայում հրադադարի հաստատման նախագիծ, որն ընդունել է ՀԱՄԱՍ-ը, այդ թվում իսրայելցի պատանդներին ազատ արձակելու մասով, որի երաշխավոր քառյակ է դիտվում Կատար, ԱՄՆ, Եգիպտոս, ՄԱԿ քառյալը, բայց որը չի ընդունում Իսրայելը եւ հրթիռակոծում է Ռաֆաթ քաղաքը:

Այդ ամենն իհարկե ամբողջը չեն, որ ծավալվում են Մերձավոր Արեւելքում, եւ թերեւս այնքան էլ օգտակար չեն Իսրայելի համար: Մինչդեռ, Իսրայելը թերեւս հենց «այդպիսի սեւ օրվա» համար է, որ սերտ գործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ եւ դրա տարածքում տեղեկայել հենակետեր: Գլխավոր թիրախը պարզ է՝ Իրան:

Իսկ իրանն օրերս հրավիրել էր Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համազորային բանակի հրամանատար, Ադրբեջանի ՊՆ փոխնախարար գեներալ Մուստաֆաեւին: Թեհրանում ըստ ամենայնի ադրբեջանցի գեներալին առարկայորեն հայտնել են, թե ինչ աիրձագանք կլինի, եթե Ադրբեջանը փորձի Կովկասում խնդիրներ առաջացնելով աջակցել Իսրայելին մերձավորարեւելյան բեռը թեթեւացնելու գործում:

Այդ ֆոնին, Անկարան օրեր առաջ հայտարարեց, որ դադարեցնում է ամբողջ առեւտուրը Իսրայելի հետ, ինչպես նաեւ միանալու է Նաթանյահուի դեմ Հաագայի քրեական դատարան ներկայացրած հայցին: Պաշտոնական հայցվորը Հարավաֆրիկյան հանրապետությունն է:

Այդ որոշումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Իսմալական կազմակերպության երկրների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում հանդիպում էր ունեցել ադրբեջանցի նախարար Բայրամովի հետ: Ֆիդանը Բայրամովից ակնկալել է Բաքվի աջակցությու՞ն երկակի խաղի համար՝ հրապարակային կոշտություն Իսրայելի նկատմամբ, բայց ստվերային հաղորդակցություն Բաքվի միջոցով, թե՞ հակառակը՝ Ադրբեջանից ակնկալվել է Իսրայելի հարցում գործել Աննկարայի դիրքորոշումներին համահունչ: Արդյո՞ք խոսք եղել է Թուրքիայի տարածքով Իսրայել նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, Անկարան արե՞լ է այդպիսի սպառնալիք Ամիրբեկովի միջոցով: