27/07/2024

ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են

«ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ` 2020թ․ մարտական գործողություններից հետո, անհայտ կորած է համարվում 195 հոգի, (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) և ևս 2 զինծառայող անհայտ կորած են համարվում 2022թ․ սեպտեմբերի մարտական գործողություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 42 հայ (այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ)»:

Հավելենք, որ ոչ պաշտոնական շրջանակով նշվում է 80 չհաստատված հայ գերու մասին։

2024 թվականի ընթացքում արդեն 2 անգամ ասուլիս տված ՀՀ վարչապետը, այդպես էլ հստակ չկարողացավ սահմանել, թե գերիների վերադարձի հարցով ինչ քննարկումներ են եղել։ Նա պարզապես ասաց․ «Քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ ում հետ և ինչ ենք քննարկել։»

Ինչ խոսք, գերիների մասին Փաշինյանը պարբերաբար հիշում է միայն հիշեցումներից հետո, բայց ակնհայտ է՝ արդյունավետ որևէ քայլ չկա, որը կապացուցի իշխանության խոսքերի հավաստիությունը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել»։