27/07/2024

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ համաձայնության հիման վրա են հայկական ուժերը հեռացել իրենց դիրքերից

Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին:

Ավելի վաղ վերջինս մամուլին տեղեկացրել էր, որ կայցելի Թուրքիայի նախագահի նստավայր, բայց «դա արարողակարգին ընդունելություն չի լինի, այլ՝ գործնական խոսակցություն»: Որոշ մեկնաբաններ գտնում են, որ Էրդողանը «մտադիր է պառակտել մունիցիպալ ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունը»:

Համարվում է, որ «ուշադրության արժանացնելով,, Օզելին՝ Թուրքիայի նախագահը «նվաստացնում է Ստամբուլի վերընտրված քաղաքապետ Իմամօղլուին, ով համարվում է արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններում քեմալականների հիմնական թեկնածուն»:

Թուրքական մամուլը խոսում է մունիցիպալ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության արտաքին քաղաքական հետեւանքների մասին: Նշվում է, մասնավորապես, Միացյալ Նահանգներ Էրդողանի այցի «հետաձգումը» եւ իսրայելա-պաղեստիյան բանակցությունների «սեղանից Թուրքիայի հեռացումը»: Կարեւոր նշանակություն է տրվում նաեւ իրողությանը, որ, չնայած ակնյալիքներին, նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է ոչ թե Թուրքիա, այլ Չինաստան ուղեւորվելու ծրագրի մասին:

Առանձնահատուկ ուշադրություն է արժանացել Իսրայելի դեմ առեւտրական «էմբարգոյի,, խնդիրը: Այս առումով չափազանց ուշագրավ է մեկնաբաններից մեկի դիտարկումը, որ Թուրքիան «միջնորդ է Իսրայել ադրբեջանական նավթի առաքման գործարքում, բայց Էրդողանը նույնիսկ իր մերձավորագույն դաշնակցին՝ Ադրբեջանի նախագահին տեղյակ չի պահել Իսրայելի հետ առեւտրաշրջանառությունը կասեցնելու որոշման մասին»: Ի՞նչ աղբյուրից է այս տեղեկությունը քաղել թուրք մեկնաբանը՝ նա չի մանրամասնում, բայց երեւույթն ինքը շատ խոսուն է:

Նա, կարծես, ենթատեքստով ակնարկում է, որ Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ ադրբեջանական նավթի առաքման հետ կապված Բաքվի եւ Անկարայի միջեւ «տարաձայնություններ են առաջացել»:

Թերեւս դրանով է պայմանավորված, որ Անկարա է ուղեւորվել Ադրբեջանի վարչապետ Ասադովը: Ֆորմալ առումով նա մասնակցում է թուրք-ադրբեջանական գործարար համաժողովի, բայց տեղեկություն կա, որ կգումարվի նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ: Իսկ դա նշանակում է, որ կողմերի միջեւ հրատապ լուծումների ենթակա խնդիրներ են առաջացել: Թերեւս Թուրքիայի ներքին կյանքում ենթադրվող տեղաշարժերով է պայմանավորված ավանդաբար «քեմալիստական կողմնորոշման» համարում ունեցող՝ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդի պաշտոնում Իսա Գամբարի վերընտրությունը, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ Իլհամ Ալիեւի մտադրությունը:

Այսպես, թե այնպես՝ մարտի 31-ի մունիցիպալ ընտրություններում ոչ այնքան Արդարություն եւ զարգացում կուսակցության, որքան Էրդողանի անձնական պարտությունը, կարծես, գուժում է նրա դարաշրջանի մայրամուտը: Խնդիրն այն է, թե փաստը ե՞րբ եւ իրավա-քաղաքական ինչ գործընթացով վերջնական ամրագրում կունենա: «Թուրանի» խմբագրականը կանխատեսում է, որ եթե «կոալիցիոն կառավարություն չձեւավորվի, սղաճը գոնե չկանգնեցվի, ապա առաջիկա հոկտեմբերին թուրք հանրությունը դուրս կգա փողոցներ եւ հրապարակներ եւ նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրություններ կպահանջի»: Բայց հարց է. եթե մունիցիպալ ընտրություններում հաղթած ընդդիմությունը բարձրագույն իշխանության հասնելու բացառիկ շանս ունի, ապա ինչու՞ պիտի Էրդողանի հետ կիսի ֆորս-մաժորը հաղթահարելու պատասխանատվությունը: Դա միայն մի դեպքում է հնարավոր. եթե Թուրքիան կանգնի էքզիստենցիալ սպառնալիքի առջեւ: Բացառված չէ, որ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» սկսելով՝ Էրդողանը Թուրքիան արհեստականորեն կանգնեցի նման գոյաբանական վտանգի առաջ:

Իրանական Ադրբեջանի ջրային ռեսուրսների կառավարման կառույցի ղեկավար Յուսեֆ Գաֆարզադեն Mehr գործակալությանն ասել է, որ առաջիկա օրերին Իրանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Արաքս գետի վրա «Հոդափերին» եւ Կույսի աշտարակ ջրամբարները շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը: Նման հանդիպման մասին մարտի կեսերին խոսել էր Բաքվում ԻԻՀ դեսպան Մուսավին: Միջոցառումը տեղի չունեցավ, իսկ դեսպանը «լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու» պատճառաբանությամբ ետ կանչվեց Թեհրան:

Որքանո՞վ է հավաստի տեղաշրջանային պաշտոնյայի փոխանցած տեղեկատվությունը՝ պարզ կլինի, հավանաբար, առաջիկայում: Փաստ է, որ ջրամբարները կառուցված են, կողմերի միջեւ կա նաեւ տեղում հէկ կառուցելու համաձայնություն: Բաքուն եւ Թեհրանը, բնական է, կիսելու են ջրային ռեսուրսները կամ բաժանելու են ըստ պայմանավորվածության: Այդ նախագծի վերաբերյալ մանրամասնություններ հայտնի չեն, բայցի այն, որ ջրամբարների կառուցումը ծրագրված էր դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին: Ադրբեջանը պարզապես այն ժառանգել է որպես նախկին միութենական հանրապետություն:

Այդ մասին իրանա-ադրբեջանական համաձայնությունը կայացել է ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարից հետո Հեյդար Ալիեւի Թեհրան կատարած այցի ընթացքում: Տարածաշրջանային նշանակության հիդրոհանգույցի կառուցման եւ կողմերի իրավունքների հարցում վերջնական համաձայնություն, որքան էլ արտառող չհնչի, ձեռք է բերվել արդեն… 2016 թվականին, երբ Իլհամ Ալիեւն է այցելել Թեհրան: Ցանկության դեպքում կարելի է ճշտել՝ դա տեղի ունեցել ապրիլյան քառօրյայից առա՞ջ, թե՞՝ հետո, բայց դրանից, երեւի, սկզբունքորեն ոչինչ չի փոխվում կամ քիչ բան է փոխվում:
Հիշվում է, որ Ալիեւի թեհրանյան այցից հետո Ադրբեջանի պատկան գերատեսչությունը հայտարարեց, որ Իրանը համաձայնել է կառույցին ադրբեջանցի մասնագետների ներգրավման՝ Բաքվի կողմից առաջադրված պայմանին: Ռաիսի-Ալիեւ հավանական հանդիպման անդրադառնալով՝ Բաքվի մերձիշխանական լրատվամիջոցը բացահայտել է, որ Իրանը հիդրոհանգույցի շուրջ «ստեղծել է տասը կիլոմետրանոց անվտանգության գոտի, որտեղ մուտք են գործել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները, նրանք ետ են քաշվել իրենց դիրքերը, երբ Ադրբեջանն ազատագրել է իր օկուպացված տարածքները»:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ 2016թ.-ին Հոդափերինի կամրջի շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը տասը կիլոմետրով ետ են քաշվել: Պայմանականորեն ասած՝ տեղի է ունեցել «սահմանազատում» կամ ռազմավարական նշանակության «տարածքի միակողմանի զիջում»: Ավելին, հիդրոհանգույցի շինարարության գոտու անվտանգության ապահովումն անցել է ԻՀՊԿ ստորաբաժանումներին, որ այնտեղ մնացել են մինչեւ Ջեբրայիլը կանցներ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողությանը, իսկ որոշ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ սահմանի այդ հատվածն իրանական կողմի հսկողությանն է հանձնել դեռեւս 2007 թվականին:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ համաձայնության հիման վրա են հայկական ուժերը հեռացել իրենց դիրքերից՝ սա խնդրի մի կողմն է: Փաստացի ստացվում է, որ Հոդափերինի կամրջի հատվածում հայկական զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակումն ընդունել են՝ թիկունքում ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների ներկայությու՞նը: Խոսքն ի՞նչ մեծության տարածքի մասին է, տաս կիլոմետրանոց անվտագության գոտի ասլեով խորքայի՞ն չափում է նկատի առնվում միայն, թե նաեւ՝ պարագծային:

Խոսքն, իհարկե, Հայաստանի սուվերեն կամ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին չէ, ոչ էլ, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Երեւանը կարող էր խոչընդտոտել «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների կառուցմանը: Բայց փոխարենն ի՞նչ է ստացել ԼՂՀ-ն: Անվտանգության երաշխի՞ք, կարգավորման բանակցություններին ուղղակի մասնակցության իրավու՞նք: Ոչինչ էլ չի ստացել: Այնումենայնիվ, հետաքրքրվածությունը հաղթեց. պարզվում է՝ Իլհամ Ալիեւը Թեհրան է այցելել 2016թ. մարտի 1-ին: Ապրիլյան ագրեսիայի հրամանն արձակելուց մեկ ամիս առաջ: