05/10/2024

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայմանավորվածությունների կատարման վստահություն չի ներշնչում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց, որ հրաժարական ներկայացնի: Նա հայտարարեց, որ այդ պահից Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի:

Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ որեւէ շարժում, երթ, հանրահավաք չի կարող քաղաքական չլինել, որքան էլ որ նախապատրաստական կոչերը «սաղմոսերգության ժանրից» ընտրվեն: Պետք է արժանին մատուցել «խաչի եւ սրի հեղափոխության» քաղտեխնոլոգներին. մայիսի 9-ը ոչ աշխատանքային եւ բոլոր առումներով բարձր հուզականության օր է, այս պահին ասոցացվում է Շուշիի ազատագրման հպարտության եւ Արցախի կորստյան դառնության հետ:

Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին: Հիմնական տեղեկատվությունն այն է, որ ռուսական «ուղեկալները» կհեռանան Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի եւ Տավուշի մարզերից, որտեղ տեղաբաշխվել էին քառասունչորսօյա պատերազմի ընթացքում կամ դրանից հետո՝ երկկողմ բանավոր պայմանավորվածությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն Ալմաթիում, մաիսի 15-ին նախատեսված է համաձայնեցնել սահմանային անվտանգության եւ սահմանազատման հանձնաժողովների «կանոնակարգը»:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվում է «այստեղ եւ այժմ» հրաժարականի պահանջ: Ներքին ի՞նչ զարգացումներ կհետեւեն կամ կարող են հետեւել՝ այս պահին, երեւի, շահագրգիռ բոլոր կենտրոններն զբաղված են կանխատեսումներով: Անցած գրեթե չորս տարում Երեւանը զանգվածային այլ ակցիաներ է տեսել, բայց որքան հիշվում է՝ առաջին դեպքն է, երբ ալիեւյան գլխավոր քարոզչամիջոց haqqin.az-ը «խաչի եւ սրի հեղափոխության» հանրահավաքի ուղիղ հեռաձարկում է ապահովել: Ընդ որում, գրեթե մեկ րոպե հաջորդայնությամբ ելույթներում հնչող առանցքային մտքերը ներկայացվում են ադրբեջաներեն եւ ռուսերեն թարգմանությամբ:

Կարելի է միայն պատկերացնել, թե Ադրբեջանի պատկան մարմիններն ինչ բծախնդրությամբ են վերլուծում Երեւանի կենտրոնում հնչող կարգախոսերը, հռետորների ելույթները, հանրահավաքի բոլոր մանրամասնությունները: Կա՞ երաշխիք, որ Ալմաթիի ծրագրված հանդիպումը կայանալու է:

Բաքուն, կարծես, ձախողման պատասխանատվությունը չի վերցնի իր վրա, բայց Փաշինյանին ներկայացված ,,անպատճառ հրաժարականի,, պահանջն առիթ չի՞ հանդիսանա, որպեսզի վաղը Ջեյհուն Բայրամովը Հայաստանի պաշտոնակցին դիվանագիտական նրբանկատության բոլոր կանոնները պահելով հասկացնի, որ «Երեւանում այլեւս լեգիտիմ իշխանություն չէ, եւ մենք վստահ չենք, թե ձեր կառավարությունը պայմանավորվածությունները կատարելու գործունակություն կունենա»:

Նիկոլ Փաշինյանին «մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալու» պահանջ ներկայացնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երաշխիք ունի՞, որ այդպես չի լինելու, թե քաղաքական այդ «ուլտիմատում» ձեւակերպվել է շարժման բոլոր մասնակիցների, հարակից ուժերի կոնսենսուսով, որպեսզի հենց այդպես էլ լինի՞:

2018թ. «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասնակիցներից ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի հարցրել, թե ինչպե՞ս է տեսնում ԼՂ կարգավորումը: «Մերժիր Սերժին» եւ՝ վերջ: Ինչի հանգեցրեց այդ անպատասխանատու էյֆորիան՝ մեր ցավալի, ցավոտ, անընդմեջ ցավ պատճառող իրականությունն է:

Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ Տավուշի թեմի առաջնորդին չեն հարցնում, թե ի՞նչ է հետեւելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, միայն վանկարկում են՝ ,,Նի-կոլ դավա-ճան»: Քաղաքականության խարդավանքներին իրազեկ լինել նրանք պարտավոր չեն, բայց հարթակ բարձրացող յուրաքանչյւր հռետորի պարտքն է «սիրելի եւ հերոսական ժողովրդին,, հասկանալի լեզվով բացատրել, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի Ադրբեջանի հետ հասնեն խաղաղության: Կա՞ այդ ծրագիրը կամ «ճանապարհային քարտեզը»: Սա է խնդիրը:

Ադրբեջանցի քաղաքագետ Շահինօղլուն, որ գլխավորում է «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնը եւ, ըստ երեւույթին, աֆիլացված է ԱԳՆ-ի եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հետ, մայիսի 8-ին խոսել է մինչեւ նոյեմբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շրջանակային համաձայնագիր ստորագրելու բարձր հավանականությունից»: Մայիսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ալմաթիում:

Բանակցությունների սեղանին կա՞ որեւէ «փաստաթուղթ,,՝ հայտնի չէ, բայց փորձագիտական տպավորություններ են փոխանցվել, որ դա «արարողակարգային հանդիպում չէ,,: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելուն: Մի քանի անգամ է ասվել, կրկնենք. դա Բաքվի համար չափազանց սկզբունքային խնդիր է, որովհետեւ շոշափում է պետական ինքնությունը:

Եթե ընդդիմությանը հաջողվի «բեկել» հայ-ադրբեջանական կարգավորման «հունը,,՝ ինչպես ձեւակերպվում է, ապա ո՞րն է լինելու «նոր հունը,,: Այսինքն, իրավական ի՞նչ հիմքով են կողմերը փոխադարձաբար ճանաչելու միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ մջպետական սահմանի անխախտելիությունը: Իդեալական կլիներ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը «շրջանակային համաձայնոգրով,, ճանաչեին միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հաստատեին դիվանագիտական հարաբերություններ՝ պարտավորվելով հրաժարվել ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից, իսկ սահմանազատման, սահմանանշման, կոմունիկացիաների գործարկման եւ մյուս հարցերը թողնեին առանձին պայմանագրերով կարգավորման:

Բայց դա չափազանց «օդեղեն» հնարավորություն է: Ալիեւին, ամենայն հավանականությամբ, պետք է պատրվակ, որպեսզի վերջնականապես չեղարկի Պրահայի համաձայնությունը եւ «լոկալ սահմանազատմն,, իրավական հիմքի պայմանավորվածությունը: Եթե իրականությանը մոտ է տեղեկատվությունը, որ Փաշինյան-Պուտին երեկվա բանակցությունների արդյունքում ռուսական զորքերը պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմանից, ապա կարելի է ենթադրել, որ Մոսկվան համաձայն է հայ-ադրբեջանական սահմանազատման՝ ապրիլինի 19-ին Երեւան-Բաքու ձեւաչափով հայտարարված «հունին»:

Դա, իհարկե, ռիսկային է, քանի որ հստակ չէ՝ ռուսական զորքերը հեռանում են «այստեղ եւ այժմ» ռեժիմու՞մ, թե՞ կհեռանան սահմանազատման իրավական հիմքը եւ սկզբունքներն ամբողջությամբ համաձայնեցնելուց եւ գետնի վրա սահմանանշում իրականացնելուց հետո: Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի «լոկալ համաձայնության հունը բեկելու» շարժումը:

Կա՞ երաշխիք, որ Ալմաթիի հանդիպմանն Ադրբեջանը չի պատճառաբանի, որ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայմանավորվածությունների կատարման վստահություն չի ներշնչում»: