27/07/2024

Ալիեւի «միայնությունը» չպետք է դառնա Հայաստանի պատճառ

Իլհամ Ալիեւը Ալմաթիում ընթացող արտգործնախարարական հայ-ադրբեջանական բանակցության ֆոնին արել է շանտաժի հերթական հայտարարությունները: Նա ասել է, թե սահմանագծման ու սահմանազատման գործընթացը իրականացվում է իրենց թելադրած պայմաններով, որ Ադրբեջանը ռեգիոնի առաջատարն է եւ պետք է հաշվի նստեն իր հետ:

Նաեւ հայտարարել է, թե Հայաստանում «ռեւանշիստների» գլուխ բարձրացնելու եւ Ֆրանսիայից սպառազինություն ստանալու պայմաններում իրենք չեն սպասի եւ թող ոչ ոք իրենցից չնեղանա: Եթե Ալիեւը Ալմաթիի հանդիպման ֆոննին որոշում է անել հավակնոտ հայտարարություններ ու շանտաժ, դա թերեւս հուշում է, որ Ալմաթիում Ադրբեջանն իրեն այնքան էլ վստահ չի զգում, կամ՝ Հայաստանն է զգացել «սովորականից» ավելի վստահ:

Եվ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ հարցում իր ազդեցությունը չի ունեցել այն, ինչ այսօր ծավալվում է Երեւանի հրապարակում եւ փողոցներում: Այդ հանգամանքին եւ դրա օգտակար ազդեցությանը անդրադարձել եմ բազմիցս: Կա տպավորություն, որ Ալմաթիում այն ստացել է որոշակի «միս ու արյուն», եւ Ալիեւը որոշել է խոսել, մի կողմից թերեւս ձգտելով խաղալ Հայաստանի ներքաղաքական լարերի վրա՝ թե իշխանության, թե ընդդիմության ուղղությամբ, մյուս կողմից թերեւս արտաքին դերակատարների, որոնք Ադրբեջանին այս փուլում կարծես թե թողել են մենակ:

Մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպեցին Փաշինյանն ու Պուտինը, եւ չննայած սպասվող բարդ ու ծանր պատկերին, հանդիպումը կարծես թե այդքան էլ չի եղել այդպիսին: Ինչպես նկատել եմ հանդիպումից առաջ՝ Մոսկվայում կողմերը հանգիստ մնացել են տակտիկական անհամաձայնությունների դիրքերում, փոխարենը հաստատել են ռազմավարական իրողությունների պահպանումը:

Զուգահեռ, Երեւանում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին է հանդիպում ԱՄՆ դեսպանը: Այն ընդդիմության, որը պատրաաստվում է վարչապետի անվստահության հարց բարձրացնել Բագրատ սրբազաննի շարժման հորդորով: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը զրույց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ, որի ընթացքում թերեւս անպայման քննարկվել է Կովկասի իրավիճակը, որտեղ գոնե մինչեւ նախագահի ընտրություն Միացյալ Նահանգներին պետք չէ անակնկալ:

Իսկ մի քանի օր առաջ էլ Թեհրան էր հրավիրվել թուրք-ադրբեջանական համազորային բանակի հրամանատարը՝ որը տեղակայված է Նախիջեւանում: Թեհրանն ըստ երեւույթին նրա միջոցով փոխանցել է որոշակի ազդակներ՝ կայունության կարեւորության մասին: Հավանաբար հենց այդ հանգամանքներն էին Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցչին գործուղել Իսրայել, հայտնելու, որ Ադրբեջանը առայժմ ոչնչով չի կարող օգնել «բարեկամ Բիբիին»՝ Կովկասում Իրանի նյարդերի եւ ուշադրության հետ խաղալու տեսանկյունից:

Անշուշտ, Ալիեւի «միայնությունը» չպետք է դառնա Հայաստանի արխայինության պատճառ, որովհետեւ ժամանակակից աշխարհում իրադարձությունները զարգանում եւ փոխվում են շատ արագ, բայց Հայաստանի համար թերեւս պատեհ հնարավորություն է իր համար էական փոփոխությունների ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելու առումով: