27/07/2024

Ես համալսարանում երբեք քաղաքական հարց չեմ քննարկել․ Դումանյան

Երեկ Բագրատ սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այցելեց բուհեր։

Հրապարակ թերթը գրել է․ Մինչ սրբազանը կհասներ ԵՊՀ, համալսարանի ուսանողներն արդեն իսկ իրազեկման ակցիաներ էին անում կիսադատարկ համալսարանում, որովհետեւ նախորդ օրը սրբազանը դասադուլի կոչ էր արել, եւ մեծ մասը միացել էր այդ կոչին։ ԵՊՀ-ում մեկ-երկու նիկոլական դասախոս էր մնացել, որոնք հորդորում էին դադարեցնել ակցիան, եւ մի կին հավաքարար, որը ջուր էլ լցնում երիտասարդների վրա։ Համալսարանում էր նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը։

Նրան հարցրինք՝ երբեւէ կմտածե՞ր, որ ուսանողները կարող էին մի օր իրենց իշխանության հրաժարականը պահանջել։ «Նախ՝ այս պահին այստեղ հրաժարականի պահանջ չի հնչում, իսկ համալսարանում նման բաներ եղել են նախորդ-նախորդ․․․, համալսարանին խորթ չէ այս ամենը, ուղղակի միշտ այնպես է եղել, որ դասապրոցեսը չպիտի խանգարվի, ով ուզում է դաս անել, դաս է անում, իսկ ով ցանկություն ունի գնալ ինչ-որ տեղ, դրանք ազատ մարդիկ են, կարող են գնալ, բայց ներսում՝ համալսարանի պատերի ներքո, ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա որեւիցե անկարգություններ, դասերին խանգարել եւ այլն, նման բան չի եղել։ Հիմա դասամիջոց է, ուսանողներ էին, եկան, ինչ-որ բան ասացին եւ գնացին, որեւիցե խնդիր ես չեմ տեսնում»,- պատասխանեց նախկին նախարարը։

Նրան հիշեցրինք, որ 2018-ին ոչ միայն համալսարանի պատերից ներս էին մտել, այլեւ Նիկոլ Փաշինյանը հասել էր լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանի կաբինետի մոտ, միջանցքի դուռն անգամ կոտրեցին։ «Նման բաներ չեն եղել, դուռը չի կոտրվել, որեւէ Ձեր նկարագրած ձեւով բան չի եղել, ես այստեղ եմ եղել 2018 թվականին։ Այո, այդ համընդհանուր համաժողովրդական շարժման ժամանակ մուտք եղել է, բայց ինչ-որ դուռ ջարդել-բան, ինչ որ ասացիք, այդպես չի եղել»,- պատասխանեց Դումանյանը։
Նրան հարցրինք՝ տեսե՞լ է, թե հրապարակում ինչքան մարդ կար հավաքված, բա էս մեկը համաժողովրդական չէ՞։ «Ճիշտն ասած, չեմ տեսել, մի քանի նկար եմ տեսել, ինչը կար լրատվամիջոցներում։ Այո, տեսել եմ, այո, ժողովուրդ կար, եւ ի՞նչ»։

Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանը բոլորին համերաշխության ու հաշտության կոչ է անում, ասում, որ նախկին-ներկա, սեւ ու սպիտակ այլեւս չկան, պետք է միավորվել․․․, Դումանյանը պատասխանեց ընդհատելով․ «Կներեք, էլի, եկեք չանցնենք բովանդակությանը, ես ասում եմ՝ համալսարանի ներսում նման հարցեր մենք չենք քննարկում, Դուք հիմա տանում եք այն թեման, ինչը հրապարակում խոսվում է, իսկ համալսարանում խոսում ենք համալսարանական թեմաներից»։ Բայց չէ՞ որ այդ նույն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքական պաշտոն զբաղեցնող Սուրեն Պապիկյանն է, ինքը՝ Դումանյանն էլ է քաղաքական պաշտոն զբաղեցրել, եւ հենց դա է թույլ տալիս նաեւ, որ համալսարանում քաղաքական հարցեր քննարկվեն, ինչպես իրենք են դա բազմիցս արել, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այլեւս կուսակցական ու քաղաքական գործիչներ չպետք է բուհերում պաշտոն զբաղեցնեն։

«Ոչ, ոչ, ոչ, ոչ, ոչ, հազար ներողություն, եւ նախկինում էլ այդպես չէ։ Դուք՝ որպես լրագրող, փորձում եք Ձեր նյութն ավելի հնչեղ դարձնել, բայց ես չեմ գնա այդ ճանապարհով, եւ Ձեզ դա չի հաջողվելու, որովհետեւ նախկինում էլ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ են եղել հոգաբարձուների խորհրդի նախագահ, այո, հիմա էլ քաղաքական պաշտոն են զբաղեցնում, եւ նախկինում էլ այս ֆակուլտետը, որտեղ Դուք հիմա գտնվում եք, քաղաքական բովանդակությամբ այս պատերի ներսում քննարկումներ, ելույթներ, կոչեր չեն եղել։ Ինքս եղել եմ ակտիվ նախկին շրջանում, բայց երբ ուսանողներն ինձ համալսարանի ներսում ինչ-որ հարց են ուղղել, ասել եմ, որ չեմ պատասխանի, երբ դուրս կգանք մուտքից եւ կքայլենք, այնտեղ կարող ենք զրուցել տարբեր հարցերի շուրջ, համալսարանում՝ ոչ, քաղաքական թեմա՝ ոչ»։