Ի՞նչ հեռանկար ունի վարչապետի անվստահության այն գործընթացը, որի մեկնարկի մասին է հայտարարել հրապարակային շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը, ասելով, որ այդ գործընթացը սկսելու պատրաստակամություն են հայտնել խորհրդարանի ընդդիմության երկու խմբակցությունները:
Ըստ հաշվարկի, անվստահություն հայտնելու համար պահանջվելու է ոչ միայն երկու խմբակցությունների, այլ նաեւ կառավարող մեծամասնության խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորի աջակցություն: Իրատեսակա՞ն է այդ աջակցությունը:
Այս պահին ակնառու է, որ իրատեսական չէ: Բայց, պետք է նաեւ նկատի ունենալ, որ իրավիճակը ծավալման տրամաբանության մեջ է եւ շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի հրապարակային ճնշման աստիճանը:
Եթե այն լինի թույլ, ապա բնական է, որ կառավարող մեծամասնության շարքերը կլինեն աներեր: Հետեւաբար, չնայած խորհրդարանական գործընթացին, վճռորոշը անշուշտ լինելու է գործընթացը հրապարակում: Մյուս կողմից սակայն, անկասկած պետք չէ լինել միամիտ, մտածելու համար, որ ամեն ինչ ծավալվում է հրապարակում:
Եվ այստեղ բոլորովին դավադրապաշտության կամ ավելորդ, անհարկի խորհրդապահականության հարց չէ: Այդպիսին են քաղաքական գործընթացները, դրանք ընթանում են թե բաց, թե փակ ռեժիմներով: Ավելին, շատ հաճախ այդ ռեժիմները կարող են ունենալ ընթացիկ անհամադրելիություն: Բացառություն չի եղել նաեւ 2018-ը: Իսկ առայժմ, ինչպես անդրադարձել էի նախորդ հոդվածում, հիմնական դերակատարները բոլոր կողմերից էլ գործում են առավելապես փակ խաղի ռեժիմում:
Այդ համատեքստում բավականին ուշագրավ էր օրերս տարածված մի տեղեկատվություն: ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ դեսպան Քվինը հանդիպել է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության խմբակցության ներկայացուցիչներին:
Պարզ չէր իհարկե, հանդիպումը եղել է դեսպանի՞ նախաձեռնությամբ, թե՞ խորհրդարանական ընդդիմության: Բայց, թերեւս կասկած չկա, որ այն պայմանավորված է եղել Հայաստանում ծավալվող զարգացումներով:
Եվ, անգամ եթե դեսպանը ընդառաջել է իր հետ հանդիպելու առաջարկին, այլ ոչ թե ինքն է նախաձեռնել հանդիպում, ապա ուշադրությունն արդեն իսկ վկայում է, որ տեղի ունեցող գործընթացը ենթակա է բավականին ուշադիր դիտարկման, ըստ այդմ առնվազն առկա է իրավիճակ, երբ առերեւույթ կողմնորոշիչները դեռեւս չեն ասում ոչինչ:
Բաց մի թողեք
Մոսկվան այլեւս Հայաստանի դեմ «խաղում է բաց քարտերով»՝ Ադրբեջանի հետ գլխավոր սպառնալիքը
Ֆրանսիա – Ադրբեջան նոր լարվածություն, ինչ կանի կամ կասի Մակրոնը
Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում