27/07/2024

Մոսկվա՞ն է ձգտում ձեւավորել իր «դիրիժորությամբ հարավ-կովկասյան տրիո»

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում: Տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 8-ի գրեթե նույն ժամերին Թբիլիսիի տարբեր թաղամասերում հարձակման են ենթարկվել նախկին նախագահ Սաակաշվիլիի երեք ազդեցիկ աջակիցներ՝ Լեւան Խաբեիշվիլին, Գիա Ջափարիձեն եւ Դմիտրի Չիկովանին:

Նրանք հարձակման են ենթարկվել իրենց բնակելի շենք մուտք գործելու պահին՝ քաղաքացիական հագուստով, բայց դիմակավորված անձանց կողմից: Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ իշխանությունը «բռնությունների ճանապարհն է ընտրել, ինչը հղի է ընտրությունների շեմին քաղաքացիական բախումների սպառնալիքով»:

Վրաստանում արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը, ինչի հավանականությունը շատ բարձր է, լրջորեն անզդելու է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ձեռնարկումների վրա: Պատճառներ մանրամասնելու անհրաժեշտություն, կարծես, չկա: Ուշադրություն է գրավում հանգամանքը, որ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սառնության ֆոնին Հայաստանում սկսվել է շարժում, որ փաստացի գործող իշխանության արտաքին քաղաքական ուղեգիծը չի ընդունում եւ շեշտադրում է «ազգային ինքնության, պատմության եւ հոգեւոր արժեքների պահպանման» կարեւորությունը:

Ըստ էության, խոսքը Հայաստանի ավանդական կողմնորոշմանը վերադառնալու կամ պարզ ասած՝ Ռուսաստանի ազդեցության պահպանման մասին է: Մոսկվայում Պուտին-Ալիեւ հանդիպումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին: Չեն արդարացել սպասումները, որ Ալիեւը կգնա օրենսդրական որոշակի ազատականացման՝ մասնակիորեն վերականգնելով համամասնական ընտրակարգը: Համենայն դեպս, ոչ մի փորձագետ նման լավատեսություն չունի: Նրանցից մեկը՝ Ռուֆաթ Սաֆարովը, դառնոությամբ արձանագրել է, որ «ինչպես միշտ՝ ընտրություններ չեն լինի, կկայանա միայն իշխանության համար հարմար քվեարկություն»:

Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդի կազմակրպած հանրահավաքին, հայրենական լրատվամիջոցներից մեկն ուրվագծել է շատ մռայլ հեռանկար, ըստ որի՝ իշխանությունը «պահելու համար Նիկոլ Փաշինյանը չի խորշի անգամ ցուցարարների դեմ զենք կիրառելուց»: Բագրատ Սրբազանը հայտարարել է անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին: Իշխանության եւ նրան սատարող եվրոպական երկրների եւ կառույցների համար լրջագույն փորձություն կլինի, եթե ստեղծվի ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի պահպանման միջեւ ընտրություն կատարելու իրավիճակ:

Արդյոք Մոսկվա՞ն է ձգտում ձեւավորել իր «դիրիժորությամբ հարավ-կովկասյան տրիո»: Իսկ եթե գործ ունենք ավելի խորքային ծրագրավորման հե՞տ: Եվրամիությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, տեւելու է երկար:

Հարավային Կովկասի ժողովրդավարական «կառավարումն» այս իրավիճակում ԵՄ եւ Եվրոպայի առաջատար երկրների համար կարող անհաղթահարելի ծանրաբեռնվածություն լինել: Ռեսուրսները չեն բավարարում: Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է Հին աշխարհի ռազմավարական խոցելիությունը: Սեփական անվտանգության հարցերով մտահոգ են անգամ չեզոք երկրները, ինչպես օրինակ՝ Շվեյցարիան կամ Իռլանդիան, իսկ ՆԱՏՕ-ն նույնիսկ նրանց իր «հովանոցի տակ առնելու» հնարավորություն չունի:

Նման չափազանց բարդ իրավիճակում վտանգաշատ շռայլություն կլիներ, եթե Հայաստանի իշխանությունը եւ քաղաքական դասը շարունակի մնալ կողմնորոշման հակադիր բեւեռներում՝ պնդելով իր ընտրության անայլընտրանքայնությունը: