27/07/2024

Ուսանողների առաջ «դռներ փակող ռեկտոր՝ Նոր Հայաստանում». Բրյուսովի միջադեպն ու Փաշինյանի խոստումը

Այսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի մի շարք ուսանողներ, ըստ մամուլում տարածված տեսանյութերի, ցանկացել են միանալ համալսարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանները համալսարանի մուտքը փակել: Մեկ այլ տեսանյութում Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ևս մեկ աշխատակից կանգնած են համալսարանի ներսում՝ մուտքի մոտ, նրանց կողքին հավաքված են ուսանողներ: Լրագրողներից մեկը տեսանյութում պնդում է՝ պատուհաններից ուսանողներն ասում էին՝ «ուզում ենք միանալ ցույցին, բայց դռները փակ են»:

Ի պատասխան սրան՝ համալսարանի աշխատակիցը պատասխանում է․ «Դուք հայտարարե՞լ եք՝ որ ով ուզում է կարող է միանալ ցույցին: Ով ուզում էր գալ՝ իր կամքն էր: Պետական քննություն է գնում, դուք իրավունք չունեք ներս մտնելու և իրենց հրահրել, դուրս տանել: Ուսանողներին հայտարարել եք՝ վաղը դասադուլ է: Ինչո՞ւ է եկել և պատուհանից ասում, որ ուզում եմ գալ: Կարո՞ղ եք ինձ այդ անտրամաբանական դիրքորոշման պատասխանը տալ: Այդ ուսանողը կարող էր առավոտյան չգալ համալսարան: Ովքեր որ եկել են դասի, մենք պատասխանատու ենք այդ ուսանողների համար, որովհետև նրանց ծնողները ուղարկել են նրանց այստեղ դասի: Եվ խնդրում եմ, մի՛ հրահրեք ուսանողներին: Նրանք, ովքեր դրսում են, իրենց գործն է»:

Դավիթ Գյուրջինյանը սրան ավելացնում է․ «Մենք դռները փակել ենք, որ պետական քննությունը չխանգարվի: Հիմա ով ուզում է՝ դուրս է գալիս, ով ուզում է՝ ներս է մտնում»:

Իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ Գյուրջինյանին ուղղած հարցին, թե ինչո՞ւ են փակել դռները, համալսարանի մյուս աշխատակիցը պատասխանում է․ «Մենք ենք, մեր համալսարանի շենքն է… Պետական քննություններ են, եթե ուսանողները ուզում էին գնալ ցույցի, պետք է առավոտյան չգային դասի»:

«Փաստերի ստուգման հարթակը» հիշեց, որ 2019 թվականի մարտի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի։

«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն»,— ասել էր նա։

Նա հավելել էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը և ղեկավարությունը «չի կարող շարունակել աշխատանքը Հայաստանում»։

Այսպիսով, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ «Նոր Հայաստանում չպետք է լինեն ուսանողների առաջ դռներ փակող ռեկտորներ», այնուամենայնիվ, այսօրվա ակցիայի ընթացքում փակ է եղել Վ․ Բրյուսովի անվան համալսարանի դուռը, և ըստ մամուլի հրապարակումների, համալսարանում գտնվող ուսանողները չեն կարողացել միանալ բողոքի ակցիային:

Ալյոնա Հայրապետյան