Մասնագետների, քաղաքականությամբ հետաքրքրվողների ու Փաշինյանին ճանաչողների համար ակնհայտ է, որ նա կամավոր հրաժարական չի տա, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մյուս ճանապարհը նրան խորհրդարանով անվտահություն հայտնելու գործընթացն է, ինչի համար նախ ընդդիմադիր խմբակցությունները պետք է ունենան համապատասխան քանակի ձայներ, ապա համաձայնության գան վարչապետի նոր թեկնածուի շուրջ։
Հրապարակ թերթը գրել է․ Սահմանադրության պահանջով` իմպիչմենտի նախագծում պետք է նոր թեկնածուի անուն նշվի։ Այսինքն, այս փուլում օրակարգ է գալիս այդ անունը հնչեցնելու հրամայականը, մի բան, ինչից ընդդիմությունը խուսափում էր նախորդ բոլոր շարժումների ընթացքում, երբ մարդիկ պահանջում էին Փաշինյանին փոխարինողի անունը հնչեցնել։
Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ու անցումային փուլի լավագույն թեկնածուն, հաշվի առնելով սրբազանի շուրջ հանրային կոնսոլիդացիան, հենց ինքը կարող է լինել` որպես կոմպրոմիսային անձ բոլոր քաղաքական ուժերի ու թեւերի համար: Նախ այն պատճառով, որ ունի հանրային մեծ աջակցություն եւ անվերապահ հեղինակություն, չնայած իշխանության բոլոր ջանքերին՝ պիտակավորելու նրան։ Բացի այդ` որեւէ կուսակցություն ու քաղաքական ուժ չի ներկայացնում, ինչն այս փուլում կարեւոր է ներքաղաքական խմորումներից ու պառակտումներից խուսափելու համար։ Սակայն սրբազանը երկքաղաքացի է, իսկ Սահմանադրությունն այդ մասով արգելք ունի։
«Ես երբեք չեմ թաքցրել, որ երկքաղաքացի եմ, դրանում մեղք չկա, օրենք չեմ խախտել եւ հավակնություն էլ չեմ դրսեւորել՝ երկրի վարչապետ լինելու, բայց եթե ժողովուրդը որոշի, որ այդպես է, ասում էր, չէ՞, այդ մարդը՝ մեր Սահմանադրությունը ժողովուրդը չի գրել, ժողովուրդը պետք է գրած լինի, հիմա ժողովուրդը կգրի այդ Սահմանադրությունը»,- երեկ ասել է սրբազանը՝ իր հնարավոր թեկնածության մասով էլ դիվանագիտորեն նշելով, թե չի կարծում, որ դա ճիշտ է, իսկ եթե շարժման մեծ մասն իրեն տեսնի այդ դերում, ընթացքը կորոշի։
Վարչապետի հնարավոր թեկնածուների թվում այլ անուններ էլ են շոշափվում, օրինակ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի: Այս թեկնածությանը հակված է երկրորդ նախագահի թիմը։ Մյուսն Արման Թաթոյանն է՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանը, ով հանրության շրջանում դրական ընկալում ունի։ Թաթոյանի թեկնածությանն էլ երրորդ նախագահի թիմն է հակված։ Մեզ հասած տեղեկություններով, քննարկումները շարունակվում են, ու բացառված չէ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության գան։ Բոլորը հասկանում են, որ եթե ընդդիմությանը հաջողվի Փաշինյանի անվստահության գործընթացն իրականացնել, նոր վարչապետը ժամանակավոր է լինելու՝ անցումային փուլի համար, ու նրա թիվ մեկ առաքելությունը լինելու է երկրի առողջ ուժերի մոբիլիզացիան, բաժանարարների մերժումն ու հանրային համերաշխության ապահովումը, իսկ ապագայում՝ արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձեւավորելը։ Իսկ սա նշանակում է, որ այդ անձն առնվազն չեզոք պետք է լինի ու առաջիկա ընտրական գործընթացին չմասնակցի։
Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի կարծիքով, անվստահության գործընթացի հանգուցալուծումն առաջիկա օրերին դժվար է ակնկալել, ուստի դեռ վաղ է խոսել թեկնածուի մասին։ «Այն խնդիրները, որոնք առաջադրվել են, եւ այն միջոցը, որն առաջարկվել է, այսինքն՝ խաղաղ անհնազանդության, դեռ պետք է փողոցում ցուցադրվեն, փորձարկվեն, տեսնենք, թե ինչպես են աշխատում։ Կախված դրա ելքից, կախված, թե առաջնորդությունը՝ Բագրատ սրբազան եւ այլք, ինչպես կդրսեւորվի, թեկնածուն ի հայտ կգա»,- «Հրապարակին» ասաց Ավետիսյանը։ Փորձագետը վստահ է, որ իշխող խմբակցությունն առնվազն այս փուլում չի գնա համագործակցության հրապարակի հետ, քանի որ դա ենթադրում է աշխատանք ընդդիմության կողմից, ինչը դեռ տեսանելի չէ, եւ բանակցություններ, ինչը գոնե այս փուլում ՔՊ-ականները բացառում են։
Ստեղծված իրավիճակում նոր վարչապետի թեկնածուն, Հ. Ավետիսյանի խոսքով, պետք է մահապարտ լինի՝ մարդ, ով գիտակցում է վիճակի լրջությունը։ Սա, ըստ մեր զրուցակցի, ոչ մասնագիտական բնորոշում է, բայց լավագույնս արտահայտում է իրավիճակի լրջությունը։ «Նա պետք է լինի մարդ, որը հասկանում է, որ շատ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնում, եւ եթե սկսենք անձնական ու մասնագիտական որակներ թվարկել, Բագրատ սրբազանի ասածին նույնական է լինելու՝ պետք է տեսիլք ունենա, լինի աստվածահավատ, լինի խելացի, գրագետ եւ այլն, բայց նաեւ պետք է ունենա գիտակցում, որից, բառի բուն իմաստով, ինքը քաղաքականապես կարող է ողջ դուրս չգալ, որովհետեւ սա հերթական դեպքը չէ, սա պաշտոնի հարց չէ, առավելություն կամ իշխանություն ստանալու հարց չէ: Այդ անձը պետք է գիտակցի, որ սա ծանր պրոցես է լինելու՝ շատ մեծ մարտահրավերներ լուծելու, դիցուք, կասեցնելու արտաքին թշնամական հարձակումներ, ներքին բազմաթիվ անկանոն ու վատ գործընթացներն արդյունավետ դարձնելու, որպեսզի արտաքին մարտահրավերին դիմակայվի։ Այս ամենը շատ ծանր է լինելու, անկախությունից ի վեր մենք նման խնդիր երբեւէ չենք ունեցել»,- նկատում է Հովհաննես Ավետիսյանը։
Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Բագրատ սրբազանը պետք է լինի շարժման գլխին, բայց նրա թեկնածությունը ճիշտ չի լինի. «Նախ, որովհետեւ մինչեւ այդ իր խոսույթում, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի մատնանշել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։ Երկրորդ՝ իմ կարծիքով, Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է լինի աշխարհիկ մարդ։ Հոգեւորականը պետք է իր դիրքերում պաշտպանի այդ պետական շահը, բայց սրբազանը պետք է լինի քաղաքական թիմի գլխին, առաջնորդի, թույլ չտա, որ սխալվեն։ Մենք կտեսնենք այն քաղաքական ունակ դեմքերին, որոնք պրոցեսի մեջ ակտիվ ներգրավվածություն կունենան՝ ոչ միայն ձեւական հարթակում կանգնելու տեսանկյունից, այլեւ նրանք էլ, հավանաբար, կհայտնվեն թեկնածուների շարքում»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, եթե քաղաքացիության հետ կապված խնդիր չլիներ, Բագրատ սրբազանի թեկնածությունն ընդունելի կլիներ։ Ըստ քաղտեխնոլոգի, շատ բան կախված է այն բանից, թե ինչքան ժամանակ է պետք, որ կառավարության ղեկավարի թեկնածու առաջադրվի։ «Եթե խոսքը վերաբերում է ժամանակավոր կառավարությանը, որը մի քանի ամսվա ընթացքում ինչ-ինչ գործառույթներ պետք է իրականացնի եւ հետագայում կազմակերպի ընտրական գործընթացը, կարող է լինել նաեւ սրբազանը, եթե իրավական խոչընդոտներ չկան։ Բայց, որքանով ես հասկանում եմ իրավաբանների մեկնաբանությունից, այդ պրոբլեմը կա, իսկ մենք հասկանում ենք, թե գործընթացն իրավական տեսակետից որքան անխոցելի պետք է լինի, որպեսզի թե՛ ներսի, թե՛ դրսի կողմից որեւէ պոզուպոչ չկպցվի»,- ասում է քաղտեխնոլոգը։
Ըստ Հակոբյանի, մյուսը հանրային-քաղաքական գործչի տարբերակն է, որը պետք է ընդունելի լինի ոչ միայն ԱԺ ընդդիմության համար, այլեւ այն պոտենցիալ 20 ՔՊ-ականների, որոնք ինչ-ինչ սցենարի պարագայում կքվեարկեն այդ թեկնածուի օգտին։ «Պետք է լինի թեկնածու, որն ինչ-որ կերպ կոմպրոմիս կլինի 2 ֆրակցիաների համար եւ ընդունելի կլինի այն շերտի համար, որը պետք է ապահովի պակասող ձայները։ Մի քանի անուն հնչել է, օրինակ, այսօր սրբազանն Արման Թաթոյանի անունն է տվել։ Նման քաղաքական պրոցեսներում լիդերների կողմից որեւէ մեկի անունը հենց այնպես չի տրվում, կոմպրոմիսային ֆիգուր է»,- նկատում է Հակոբյանն ու ընդգծում՝ մեր իրավիճակում եւ քաղաքական զարգացման այս փուլում նպատակահարմար է, որ այդ անձը հանրային կշիռ ունենա, ոչ թե քաղաքական։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ