Մայիսի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը News.am լրատվական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայ-առաքելական եկեղեցու գործունեությանը, ասել է․ «Արցախի ժողովուրդը տարհանվեց, եկավ էստեղ, ի՞նչ արեցին իրենք հեչ՝ որպես մեր հոգևոր առաջնորդներ»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ինչպիսի օգնություն է ՀԱԵ-ն տրամադրել Արցախից բռնի տեղահանված անձանց։
Մայր Աթոռի կողմից տեղահանված արցախցիներին ցուցաբերված օգնությունը՝ թվերով
Հայ-առաքելական եկեղեցու՝ արցախցիներին տրամադրած օգնության մասին տեղեկությունն ամփոփված է Մայր Աթոռի սոցիալական ծառայության և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջերում։
Այսպիսով, այս երկու էջերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է հայտարարություն «Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը» վերտառությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին»։
Մասնավորապես, նշվում է, որ Մայր Աթոռում և թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ, իսկ Մասյացոտնի (Արարատի մարզի, խմբ) թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։
2023 թվականի դեկտեմբերի 5-ին նույն էջում տարածվեց հայտարարություն, ըստ որի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեկնարկում էր դրամական աջակցության ծրագիր Արցախից տեղահանված բազմազավակ ընտանիքիների համար։
Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրել է տեղեկատվություն, ըստ որի՝ 2023 թ․ սեպտեմբեր ամսից տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած, առնվազն 4 անչափահաս երեխաներ ունեցող և կարիքավոր արցախցի շուրջ 1200 ընտանիքների դրամական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է շուրջ 240,000,000 ՀՀ դրամ։
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը նաև նշեց, որ Էջմիածնի Գայանեի լսարանի շենքում, Ծաղկաձորի և Հերմոնի թեմապատկան ճամբարներում բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ։ Այս մասին տեղեկանում ենք նաև 2023 թվականի նոյեմբերի 3-ին տեղադրված հայտարարությունից, որտեղ նշվում է, որ 38 ընտանիք բնակություն է հաստատել Ծաղկաձորի թեմապատկան ճամբարում։
2024 թվականի մարտի 11-ին Մայր Աթոռի սոցիալական ծառայության էջում հայտարարվեց, որ Վաղարշապատի և Երևանի Արաբկիրի Հայորդաց տների տարածքում գործում են 2 բարեգործական ճաշարաններ, որոնցից կարող են օգտվել նաև Արցախից բռնի տեղահանված անձինք։
Տեր Մարկոսը նաև տեղեկացրեց, որ Մայր Աթոռը հաջողել է դեպի Արցախ օգնություն ուղարկել նաև բլոկադայի օրերին։ Այսպիսով, ըստ Սոցիալական ծառայության ղեկավարի, 2023 թ․ հունվարի սկզբից շուրջ 360 տոննա սննդամթերքի, մանկական կերի և հիգիենայի պարագաների առաքում է իրականացվել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և տարբեր թեմերից (արժեքը՝ շուրջ 300,000,000 ՀՀ դրամ)։
Ըստ Սոցիալական ծառայության հաշվետվության, միայն 2023 թ․ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 911,000,000 ՀՀ դրամ։ Սակայն ըստ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի՝ առանձին թեմերը ևս ցուցաբերել են օգնություն, որը արտահայտված չէ այս հաշվետվության մեջ։
Այսպիսով, իշխանական պատգամավորի այն պնդումը, թե եկեղեցին և հոգևոր առաջնորդները ոչինչ չեն արել Արցախից բռնի տեղահանված բնակչությանն օժանդակելու համար, չի համապատասխանում իրականությանը։
Արփինե Հովհաննիսյան
Բաց մի թողեք
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը