27/07/2024

Ադրբեջանի խորհրդարանում Արեւմուտքի ճնշումներին վերջ տալու առաջարկ է հնչել

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն օրերս ասել է, որ Բաքուն ակտիվ շփումների մեջ է ազդեցիկ երկրների հետ եւ մտադիր է Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին ընդառաջ բոլոր հակամարտող կողմերին հորդորել, որ հասնեն հրադադարի հաստատման՝ ինչպես դա լինում է օլիմպիական խաղերի ժամանակ:

Առաջին հայացքից բացառապես պոպուլիստական պատկերվող այս հայտարարությունը խորքային ենթատեքստ ունի: Նման նախաձեռնությամբ Բաքուն կարող է հանդես գալ միայն մի դեպքում. եթե մինչ այդ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրած լինեն կամ խաղաղության համապարփակ պայմանագիր, կամ առնվազն՝ «շրջանակային համաձայնագիր»: Հակառակ դեպքում Ալիեւի պացիֆիզմը պարզապես նոնսենս է:

Երեւանի եւ Բաքվի միջեւ «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու հավանականության մասին օրերս արտահայտվել է Բաքվի «Ատլաս» վերլուկան կենտրոնի ղեկավար Շահինօղլուն: Այս առթիվ հայտնի են դառնում ուշագրավ նոր մանրամասնություններ: Մայիսի 2-ին Ադրբեջանի ԿԸՀ նախագահը խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Փորձագետները կանխատեսում են, որ դրանք «կանցկացվեն հուլիս-օգոստոսին»: Նույն շրջանակներից կարծում են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը «կստորագրվի սեպտեմբերին՝ Ալմաթիում»:

Ադրբեջանում, որպես կանոն, այդ կարգի «եզրահանգումներ» արվում են իշխանության նախաձեռնությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանի գործող խորհրդարանի լիազորթյուններն ավարտվում են նոյեմբերին, իսկ այդ ամիս Բաքուն պետք է հյուրընկալի Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը: Նման որոշում կայացվել է կոնսենսուսով, ինչին գրեթե անմիջապես հաջորդեց ռազմագերիների եւ պահվող անձանց փոխանակման հայ-ադրբեջանական համաձայնությունը:

Ըստ երեւույթին, Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը Բաքվում անցկացնելու ոչ հրապարակային նախապայման է մինչ այդ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կամ «շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, փաստաթուղթ, որ իրավական ուժ կունենա միայն խորհրդարանական վավերացում անցնելուց հետո:

Ալիեւն, իհարկե, գործող Միլլի մեջլիսի հետ այդ հարցում հազիվ թե խնդիրներ ունենա, բայց, երեւում է, նա ընտրել է «մաքուր էջից նոր դարաշրջան սկսելու» տարբերակը. տեղի են ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ, նոր խորհրդարանն էլ, ըստ ծրագրի, կարող է «ամբողջացնել քաղաքակիրթ Ադրբեջանի կերպարը»:

Սա, իհարկե, չափազանց «վարդագույն պատկեր է»: Իրականում կարող են ծագել անհաղթահարելի բարդություններ: Կլիմայի հարցերով խորհրդաժողովին, օրինակ, ենթադրվում է ստեղծել գլոբալ տաքացման դեմ պայքարի միջազգային հիմնադրամ, իսկ տասնյակ երկրներ ներքին եւ արտաքին խնդիրները լուծում են էներգակիրների արդյունահանման եւ արտահանման բազմամիլիարդ գործարքների շնորհիվ:

Իսկ որտեղ՝ տնտեսական շահեր, այնտեղ էլ՝ սուր մրցակցություն: Հայտնի չէ, մասնավորապես, թե Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանը:

Մոսկվան կհամաձայնի՞ Արեւմուտքի հետ մի «սեղանի շուրջ» նստել կամ Արեւմուտքը մտադի՞ր է գլոբալ տաքացման դեմ պայքարի խնդիրները նաեւ Ռուսաստանի հետ քննարկել: Կամ Մոսկվան եւ Կիեւը կհամաձայնե՞ն խորհրդաժողովի ընթացքում հրադադար հաստատելու Բաքվի առաջարկին: Մանավանդ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ռուս-ուկրաինական ճակատում աշնանն ինչ իրավիճակ կլինի կամ ինչ ավարտ կունենա իսրայելա-պաղեստինյան պատերազմը:

Անցած օրերին Ադրբեջանի խորհրդարանում Արեւմուտքի ճնշումներին վերջ տալու առաջարկ է հնչել: Պատգամավորներից մեկի կարծիքով՝ «Փաշինյանին պետք է հրավիրել Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին»:

Սա կարելի էր էքսցենտրիկ անվանել, եթե «Թուրան» գործակալության տնօրենն իր հերթին չնկատեր, որ «COP29-ին Հայաստանի վարչապետի ներկայությունը կշեշտեր հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի գլոբալ նշանակությունը՝ գործնականում ազդարարելով տարածաշրջանում կայունության եւ համագործակցության նոր դարաշարջանի սկիզբը»:

Բաքուն միջազգային նման պարտավորություն ունի՞: Որքանո՞վ է Իլհամ Ալիեւը պատրաստ մնալու այդ շրջանակներում: Իսկ եթե շահագրգիռ «խաղացողները» ձախողե՞ն Բաքվի COP 29-ը»: