27/07/2024

Կովկասի համար դիմակայության ու պայքարի «հաշիվը»

Անցնող շաբաթ բավականին էական հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը խոսելով Տավուշի սահմանին սահմանազատման եւ սահմանագծման հայտնի համաձայնության մասին նշել էր, որ հայկական կողմը հայտնում զիջման պատրաստակամություն եւ իրենք ակնկալում են, որ զիջում կանի նաեւ Ադրբեջանը:

Հայտարարությունը չարժանացավ ուշադրության, թերեւս «թրենդային» չլինելու պատճառով: Մինչդեռ, Ֆրանսիայի դեսպանի այդ դիվանագիտական հայտարարության տողատակում այն գնահատականն է, որ Հայաստանում կառավարության ընդդիմախոսները բարձրաձայնում են ավելի ուղիղ՝ Հայաստանը գնում է միակողմանի զիջման:

Դեսպանը չի կարող անել այդօրինակ ուղիղ ձեւակերպում, բայց բավականին ափանցիկ գնահատականով ներկայացնում է այդ իրավիճակը՝ Հայաստանը զիջում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ իմաստն ունի դեսպանի ձեւակերպումը, որ «ակնկալում են նաեւ Ադրբեջանի զիջում»: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ մտադիր չէ անել որեւէ զիջում, նահանջել որեւէ տեղից: Ահա թե ինչու Ֆրանսիան ըստ էության առ այսօր որեւէ կերպ ոչ միայն չի ողջունել Տավուշի առնչությամբ համաձայնությունը, այլ նույնիսկ չի էլ անդրադարձել դրան, իսկ դեսպանն ընդամենը պատասխանել է հարցազրույցի շրջանակում:

Ֆրանսիայի խնդիրը անշուշտ Տավուշը չէ, երկու հատվածները չեն, այլ գործընթացի տրամաբանությունը, որը կարող է հասնել արդեն ռազմավարական նշանակության հարցին՝ ճանապարհների ապաշրջափակմանը:

Այդտեղ է վճռվում ռեգիոնի ճակատագիրը, Կովկասի համար դիմակայության ու պայքարի «հաշիվը»: Ֆրանսիան արձանագրում է, որ այդ հաշիվը ձեւավորվում է «միակողմանի», որտեղ Հայաստանը տանուլ է տալիս «խաղաղության» անվան տակ, իսկ Հայաստանի հետ էլ տանուլ է տալիս Ֆրանսիան:

Իհարկե Հայաստանը չպետք է լուծի Ֆրանսիայի հաղթանակ ապահովելու խնդիր, բայց տվյալ պարագայում ամբողջ հարցն այն է, որ միակողմանի գործընթացում չկա նաեւ Հայաստանի հաղթանակ, իսկ այդպիսին ներկայացվող «խաղաղությունն» ու «լեգիտիմությունը» այլ ուժ, քան տեղեկատվա-քարոզչականը, ներկայիս միջազգային հարաբերություններում պարզապես չունեն: