2014 թվականին մենք պատասխանատվություն ենք ստանձնել ռուսական հողերի ավելի լայն պարագծի համար…Այդ իսկ պատճառով բոլոր քաղաքները պետք է ազատագրվեն: Իսկ դրանք Խարկովից, Օդեսայից, Դնեպրոպետրովսկից բացի նաեւ մի շարք այլ քաղաքներ են, այդ թվում՝ Սումին:
Այդ սպեկտրը, այդ թվարկումն անհամեմատ լայն է, ռուսական վաղեմի քաղաքները պետք է ազատագրվեն Կիեւի ներկայիս վարչախմբից, քանի որ այնտեղ մեր մարդիկ են ապրում,- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքը մեջբերում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը:
Ռուսական զորքերը Խարկովի ուղղությամբ անցել են հարձակման: Մարտավարական միջուկային զենքի օգտագործման սցենարով զորավարժություններ կանցկացվեն նաեւ Բելառուսում: Ալեքսանդր Լուկաշենկոն Կիեւին սպառնացել է «կանխարգելիչ հարվածներով, եթե Բելառուսի նկատմամբ ոտնձգության փորձ նկատվի»: Մենք Ռուսաստանը չենք, մենք կհարվածենք,- ասել է Բելառուսի նախագահը: Դոնեցկի «առաջնորդ» Պուշիլինը, բնականաբար, խոսել է Մոսկվայի անունից: Մայիսի 13-ին ՌԴ նախագահ Պուտինը Դաշնային ժողովի Վերին պալատին կներկայացնի պաշտպանության, ՆԳ, ԱԳ, արդարադատության եւ ԱԻ նախարարների թեկնածուներին:
Կառավարության մյուս անդամներին պետդումայի հաստատման ներկայացրել է վարչապետ վերանշանակված Միշուստինը: Բացառիկ նորություններ չկան, եթե հաշվի չառնենք, որ Հեռավոր-արեւելյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը միաժամանակ նշանակվում է կառավարության ղեկավարի տեղակալ՝ փոխվարչապետ: Փորձագետներից ոմանք վստահաբար ասում են, որ Ռուսաստանի թիվ մեկ ռազմավարական ծրագիրը «Սիբիրում եւ Հեռավոր արեւելքում էշելոնավորված թիկունքի ստեղծումն է՝ բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ»: Դա, ըստ աղբյորների, արվում է «միջուկային պատերազմի դեպքում ապահովության համար»:
Այս ֆոնին Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային արտակարգ ռազմական օգնություն ցուցաբերել՝ 400 միլիոն դոլար արժողությամբ: Ուկրաինայում ռուսական արդեն ծավալուն հարձակումն արեւմտյան մամուլը բնութագրում է «կարգավորման սկզբունքների մշակման հարցով Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովը փաստի առջեւ կանգնեցնելու փորձ»: Անորոշ է, թե համաշխարհային առաջնորդներից ով կմասնակցի այդ միջոցառմանը կամ այն առհասարակ կկայանա՞: Աղբյուրները հայտնում են, որ Լեհաստանի կառավարությունն արդեն իսկ Ուկրաինայի եւ Բելառուսի հետ «սահմաններն ամրապնդելու որոշում է ընդունել»:
Որքանով հասկացվում է՝ Գերմանիայի կանցլեր Շոլցը պարզապես «խուսափել է ներկա գտնվել Չինաստանի առաջնորդի եւ Ֆրանսիայի ու Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպմանը»: Ու թեեւ հայտարավել է, որ ուկրաինական կարգավորման հարցում Ֆրանսիան եւ Չինաստանը «համատեղ ջանքեր կներդնեն»՝ Եվրոպական շրջայցիվ հետո Սի Ծինփինը պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի նախագահին: Բավական դելիկատ վիճակում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: «Նեզավիսիմայա գազետան» փոխանցում է Tou Yube ալիքով նրա՝ քաղաքացիներից մեկի հարցին պատասխանը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ընդամենը ասում է, որ եթե Ռուսաստանը «չափից դուրս առաջ ընթանա, ապա հարկ կլինի միջամտել»:
Ո՞րն է «չափը» եւ «չափից դուրսը»՝ ոչ ոք հստակ չի սահմանում: Եւ տպավորություն է, որ «բոլորը համակերպվել են գետնի վրա իրողության հետ, որ նախկին խորհրդային Ուկրաինա այլեւս չկա, եւ վերադարձ չի լինելու»:
Մայիսի 10-ին Շուշիից Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքը, թե «բոլորին է հայտնի մեր վճռականությունը, հայտնի է նաեւ ադրբեջանական բանակի կարողությունը, եւ մեզ ոչ ոք չի կանգնեցնի»- ակնհայտորեն ներգրվում է Ուկրաինայում Ռուսաստանի նոր հարձակմամբ ստեղծված կամ ստեղծվող իրավիճակին: Եւ այս համատեքստում ո՞րն է երաշխիքը, որ Հարավային Կովկասում «խարկովյան ուղղություն» չի բացվի:
Բաց մի թողեք
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան
Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»