27/07/2024

Հերթական կրակոցները՝ Կոտայքում․ Քասախում վիճաբանության ժամանակ ավտոմատից կրակոցներ են արձակվել

Մայիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել և մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ․-ի հետ և հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փողոցում հանդիպել է Ալեքսան Մ․-ին, որի ժամանակ Վազգեն Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել և այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է և իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տևողությամբ խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգը:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վազգեն Ք․-ին և վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ » տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։