27/07/2024

Շոյգուին լիկվիդացրեցին․ ուկրաինական պատերազմում ՌԴ մնում է Ժուկովի ռազմավարության մակարդակին

Ռուսաստանում նոր կառավարության կազմավորման շուրջ փորձագիտական իշխող կարծիք կար, որ պաշտոնին հրաժեշտ կտա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիմնավորումը կապվում էր նրա տեղակալ Թիմուր Իվանովի կալանավորման եւ գերատեսչությունում կոռուպցիայի հետ: Շոյգուն իրոք պաշտոնում չվերանշանակվեց, բայց նրա փոխանորդի բացահայտումը, ինչպես անգամ ՌԻԱ-Նովոստիի խմբագրականն է խոստովանում՝ «բոլորի համար անսպասելի էր»:

Պաշտպանության նախարար է նշանակվում «տոհմական տնտեսագետ» Անդրեյ Բելոուսովը: ՌԻԱ-Նովոստիի աղբյուրները պարզել են, որ Բելոուսովը մասնագիտությամ, ճիշտ է, տնտեսագետ է, բայց՝ տնտեսագետ-կիբեռնետիկ: Եւ դա կապում են պաշտպանության նախարարի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ Կրեմլի խոսնակ Պեսկովի այն մեկնաբանության հետ, որ ռազմական գերատեսչությունը «պետք է բացարձակ բաց լինի ինովացիաների եւ նոր գաղափարների համար»:

Արդյոք Սերգեյ Շոյգում խանգարո՞ւմ էր ՌԴ ՊՆ-ում «ինովացիաների եւ նոր գաղափարների քննարկմանը»: Համենայն դեպս, այդպես է հասկացվում, իսկ տնտեսագետ-կիբեռնետիկ Բելոուսովի նշանակումից կարելի է ենթադրել, որ գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը, պայմանականորեն ասած՝ «աշխատանքի բաժանում է կատարել. զինվորականները թող շարունակեն պատերազմը, իսկ գերատեսչության ղեկավարը պետք է զբաղվի բանակի նորացման, ռազմա-քաղաքական ծրագրավորումների հարցերով»:

Դմիտրի Պեսկովը, մանավանդ ավելացրել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Բելոուսովի խնդիրներից ամենակարեւորը Ռուսաստանի «տնտեսական մրցունակության ապահովումն է»: Ինչպե՞ս:

Հնարավո՞ր է եւ ծանր պատերազմ մղել, եւ նորարցնել զինված ուժերը, եւ ապահովել երկրի տնտեսական մրցունակությունը: Իսկ խոսքն, անշուշտ, գլոբալ-աշխարհաքաղաքական մրցունակության մասին է, որ ենթադրում է տեխնոլոգիական ճեղքում: Դա մի իրավիճակ է, որ պայմանականորեն կարելի է համեմատել Ստալինի կողմից Բերիայի առջեւ դրված գերխնդրի՝ ատոմային ռումբի ստեղծման, հետ:

Անգամ ռուսաստանցի որոշ վերլուծաբաններ են ահազանգում, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը դեռեւս մնում է մարշալ Ժուկովի հայտնի ռազմավարության մակարդակին. «Կորուստները մե՞ծ են, ոչինչ, կնանիքը նորից կծնեն»: Ըստ երեւույթին, Վլադիմիր Պուտինը նախատեսում է ավելի լայնածավալ պատերազմ եւ որոշել է անցնել մարդկային ռեսուրսի խնայման, տեխնոլոգիական հավասարակշռության ապահովման քաղականության:

Խորհրդային ատոմային ռումբը չէր ստեղծվի, եթե Բերիայի հետախուզական ծառայությունները փայլուն չաշխատեին: Սերգեյ Շոյգուն, ըստ երեւույթին, բանակը նախաօպատրաստել է «հաղթական երթի»՝ մտնում է Ուկրաինա, մի շաբաթ հետո Կիեւը հանձնվում է: Պատերազմը երրորդ տարին է ձգվում, իսկ վերջը խիստ անորոշ է: Ամենայն հավանականությամբ, տնտեսագետ-կիբեռնետիկ Բելոուսովի նշանակումը նաեւ ազդակ է Արեւմուտքին:

Ատոմային ռումբի ստեղծման խնդիր դնելով՝ Ստալինը Բերիայի տնօրինությանն էր թողել ոչ միայն բոլոր հատուկ ծառայությունները, այլեւ գիտական հաստատությունները: Պաշտպանության նորանշանակ նախարարը կօժտվի՞ նման լայն լիազորություններով: Տեղեկություն կա, որ Բելաուսովի թեկնածությունը քննարկվել է «Ռոստեխ» միավորման գլխավոր տնօրեն Չեմեզովի հետ, որ, ինչպես աղբյուրներն են պնդում, ուկրաինական պատերազմի սկզբից փաստացի գլխավորում է Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրը:

Ինտրիգային է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պատրուշեւի մասին Կրեմլի խոսնակի դիտարկումը, որ նա «կշարունակի ծառայել երկրին, մոտակա մի քանի օրերին հայտնի կդառնա Նիկոլայ Պլատոնովիչի նոր պաշտոնը»: Բանակի գեներալ Պատրուշեւ, որ ամբողջ կյանք անցկացրել է հատուկ ծառայություններում եւ ուժային կառույցներում, կարող է օգտակար լինել միայն այդ ասպարեզում: