27/07/2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա. Լուսանկար

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գրել է Շամշյանը։

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Հայրապետյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:

Հատուկ փրկարարներ Գևորգ Դավթյանը, Էդուարդ Մանուկյանը, Վարդգես Մովսիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ, վտանգելով իրենց կյանքը, տանիքից հեռացրել են վնասված վտանգավոր քարերը, ապա պարեկների, ոստիկանների ու քաղաքացիների օգնությանբ հատուկ ճոպանի միջոցով տանիքից կախված վտանգավոր քարերն ու թիթեղները իջեցրել են ցած:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Մի քանի օր առաջ, երբ հորդառատ անձրևներ սկսվեցին, շենքի տանիքի մի հատվածից ջրերը լցվում էր տները: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, ու իրենք խոստացան, որ մեզ կօգնեն, ու մրցույթ էին հայտարարել ու տենդերով ինչ-որ կազմակերպություն մրցույթը շահել էր: Այսօր եկել էին և աշխատանքներ էին իրականացնում տանիքի վրա, ու որոշ ժամանակ անց ցավալի դեպքը տեղի ունեցավ. աշխատակիցը բարձրությունից ընկավ ավտոմեքենայի վրա, ու շտապօգնությունը շատ շուտ իրեն տարավ հիվանդանոց, բայց հետո իմացանք, որ մահացել է»:

Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա