27/07/2024

Պատերազմը եղավ, հանկարծ պարզվեց, որ Արցախի իշխանությունը բանակի նկատմամբ ոչ մի իրավազորություն չունի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լեռնային Ղարաբաղի պետականության լուծարման կոդը 2017թ., ղարաբաղցու ասած, շըփ-թըփի ռեժիմով, բացարձակապես առանց որևէ հանրային կամ մասնագիտական էքսպերտիզայի ընդունված «սահմանադրություն» կոչված քաղաքական կապիտուլյացիայի ակտն է:

Այդ մասին Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում ասել եմ  2018թ. հունիսի 1-ին: Ուշադրություն եմ հրավիրել «սահմանադրական նորմի» չարագուշակությանը, ըստ որի՝ եթե նախագահի պաշտոնը մնում է թափուր, արձակվում է նաև Ազգային ժողովը, Ազգային ժողովը լուծարվում է, եթե ինքը նախագահին անվստահություն է հայտնում կամ նրան իմպիչմենտի ենթարկում, իսկ կառավարություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ասել եւ պնդել եմ, որ ԼՂՀ-ում անհապաղ պետք է նոր սահմանադրություն ընդունվի: Դա այն օրն էր, երբ Արայիկ Հարությունյանը պետական նախարարի պաշտոնից հրաժարական էր տալիս, իսկ մի խումբ ցուցարարներ արգելափակել էին Ազատամարտիկների պողոտան:

Այսօր  այդ խայտառակության հովանավոր քաղաքական ուժերն են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում: Խորհուրդ եմ տալիս, որ իրենք հրաժարական տան առհասարակ քաղաքականությունից, վերադառնան չինտելեկտուալի իրենց նախասկզբին և թողնեն, որ Հայաստանի քաղաքացին որոշի, թե ում է վստահում կամ փոխանցում սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը: Եվ եթե քաջություն ունեն, թող հրապարակային ասեն. իրե՞նք են Փաշինյանին խնդրել, որ հեղափոխությունը չհասնի Արցախ, երբ նա 2018թ. մայիսի 9-ին Ստեփանակերտում էր, և ոմանք ու որոշները, թող Արշակ Սադոյանը ների իր բառը թռցնելու համար, «բիլակակռվի» էին բռնվել Հայաստանի վարչապետին ավելի մոտ դիրքում լուսանկարվելու համար:

Հ.Գ. Հօգուտ այդ «սահմանադրության» միակ փաստարկն այն էր, որ պատերազմի դեպքում պետք է ունենալ ուղղակի-ուղղահայաց կառավարում: Պատերազմը եղավ, և հանկարծ պարզվեց, որ Արցախի իշխանությունն, ախր՝ ըըըըըըըըըըըըը՜, բանակի նկատմամբ ոչ մի իրավազորություն չունի: Կա Հայաստան, թող պատասխան տա»: