2023 թվականին ՀՀ կենտրոնական բանկը ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարողացել է հստակ կառավարել գնաճային երևույթները Հայաստանում:
Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նիստում ներկայացնելով ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է:
Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ:
Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«2023 թվականի ընթացքում ՀՀ տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն` պայմանավորված ծառայությունների եւ շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաեւ համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսեւորված արտաքին պահանջարկի էական ավելացմամբ: Դրան շարունակել է նպաստել միջազգային այցելուների, այդ թվում` զբոսաշրջիկների եւ ֆինանսական զգալի ներհոսքերը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նշված գործոնների ազդեցությամբ ՀՀ արժութային շուկայում արձանագրվել է դրամի ոչ էական, բայց որոշակի արժեւորում: Նշվել է, որ դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ ՏՏ եւ մշակվող արդյունաբերության ճյուղերում, ինչն արտահայտվել է այդ ոլորտներում արտադրական ներուժի եւ արտահանման ավելացման միտումներով:
Մարտին Գալստյանի խոսքով տարվա երկրորդ կեսին դիտվել է արտաքին պահանջարկի թուլացում` կապված զբոսաշրջության աճի տեմպի դանդաղման հետ: Դրան զուգահեռ զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը` պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին մեծամասամբ նպաստել են նախկինում կուտակված խնայողությունների ծախսումն ու եկամուտների շարունակական ավելացումը:
«2023 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը նվազել է 8,9 տոկոսային կետով եւ տարեվերջին ձեւավորվել բացասական տիրույթում` կազմելով -0,6 տոկոս»,- ընդգծել է Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ դրամավարկային քաղաքականության 2024 թվականի առաջին եռամսյակի զեկույցը եւ Կենտրոնական բանկի 2023 թվականի վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ 2024 թվականից ԿԲ-ն ներդրել է դրամավարկային քաղաքականության մշակման, իրականացման եւ հաղորդակցման նոր համակարգ, որը հիմնված է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքի վրա: Նշվել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: «2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:
Մարտին Գալստյանն անդրադարձել է նաեւ այս տարվա սկզբին ձեւավորված գնաճային միջավայրին եւ դրան համապատասխան ԿԲ վարած քաղաքականությանը:
Ըստ զեկուցողի` դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն` 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում` տարեվերջին այն կկազմի 1,3-1,5 տոկոս:
Մարտին Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են արտարժութային փոխարժեքի տատանումներին, վարկային պատմությունների համաներմանը եւ տոկոսադրույքների փոփոխմանը, կրիպտոակտիվների կարգավորման վերաբերյալ ԿԲ վարած քաղաքականությանը եւ այլն:
Բաց մի թողեք
Դոլարը նվազել է. դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Առևտրի կետերում, List.am, Facebook, Tik-Tok և Telegram հարթակներում հետախուզական միջոցառումներ են եղել