Լրացավ ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարի հաստատման երեսուն տարին: Որեւէ անդրադարձի մտադրություն չկար, բայց ֆեյսբուքյան երկու գրառում ստիպեց որոշ նկատառումներ անել: Օգտատերերից մեկը գրել է. «Մեր հաղթանակների Բիշքեկը. 11.05.1994 (նա չգիտի, որ Բիշքեկի «հաղթանակը» եղել է 5.05.1994-ին): Մյուս գրառումն արդեն քաղաքական է. «Բիշքեկի հաղթանակից՝ Ալմաթիի պարտություն. 1994-2024թ.թ.»:
Առարկայորեն այդպես է, բայց եկեք փորձենք հասկանալ, թե, ինչպես հիմա է ընդունված ասել՝ ինչի՞ մասին է Բիշքեկը: Ավելի ճիշտ՝ «Բիշքեկի արձանագրություն» անվանումն ստացած փաստաթուղթը, որ ստորագրել են Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Կիրգիզիայի խորհրդարանի եւ ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ:
Իսկ ինչու՞ է հաստատվում հրադադար՝ նույնպես հստակ սահմանված է. որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերի պահանջները: Իսկ ի՞նչ են պահանջում այդ բանաձեւերը: Պահանջում են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները դուրս բերել Ադրբեջանի Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից՝ «առանց նախապայմանի»:
Ղարաբաղյան առաջին պատերազմի հրադադարի համաձայնագիրը ֆորմալ ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ի 00 ժամին: Նույն տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը սահմանել է ԼՂ կարգավորման իրավա-քաղաքական փուլային հայեցակարգը: Այն հաստատվել է անդամ պետությունների կոնսենսուսով եւ հրադադարի, այսպես ասած՝ «կադաստրի թուղթն է» կամ Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտության միջազգային «ծննդյան վկայականը»: Հաստատելով հրադադարի համաձայնագրի լիակատար լեգիտիմությունը, ԵԱՀԿ-ն, այդ թվում եւ Ադրբեջանը, ԼՂ-ն ճանաչել է հակամարտության զինված փուլի սուբյեկտ, իրավահավասար կողմ:
Ըստ այդմ, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը սահմանել է, որ կարգավորման առաջին փուլում կողմերը պետք է կնքեն հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին պայմանագիր, երկրորդում՝ համաձայնեցնեն ԼՂ կարգավիճակը եւ մյուս բոլոր հարցերը: 1998թ. հունվարի 7-8-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում այդ հայեցակարգով ԼՂ կարգավորման քաղաքական ուղեգիծը մերժվել է: Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետեւում, թե այդ հայեցակարգի իրականացումը հարյուր տոկոսով երաշխավորված էր կամ դրա մերժումն է 2020թ. պատերազմի, պարտության, ԼՂ պետականության «լուծարման» եւ հայ բնակչության բռնատեղահանության միակ պատճառը: Բայց երբ անդրադառնում ենք անցյալին, պարտավոր ենք անաչառ լինել:
Միայն այդ դեպքում է հնարավոր սկզբունքորեն գնահատել Բիշքեկից մինչեւ Ալմաթի նահանջը:
Բաց մի թողեք
Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է իր «որոշումը»
ԱՄՆ արձագանքը կմեղմի արդյոք Ադրբեջանին
Ռուս-ուկրաինական պատերազմը գոնե եկող տարվա ընթացքում չի ավարտվի