27/07/2024

Ալիեւն Իրանի դեմ լարվածություն է անոնսավորում

Մայիսի սկզբին երկրորդ անգամ անոնսավորված՝ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ չկայացավ, հավելյալ տեղեկություն չկա:

Ըստ երեւույթին, Բաքու-Թեհրան հարաբերություններում առկա խոչընդոտները ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ երեւան են գալիս նոր բարդություններ: Բաքվի մերձիշխանական մամուլը, հղելով իրանական աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է «դադարեցնել Բաքվի «Ալ-Մուստաֆա» աստվածաբանական համալսարանի գործունեությունը:

Այդ հաստատությունը Բաքվում գործում է Ղումի հոգեւոր ուսումնարանի իսլամական քարոզչության Բյուրոյի հովանու ներքո, ուսումն անվճար է: Նույն աղբյուրները փոխանցում են, որ Ադրբեջանի իշխանությունները «որոշել են բռնագրավել Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամեյենիի Բաքվում լիազոր ներկայացուցչի նստավայրը»: Ներկայացուցչությունը չի գործում 2021 թվականից: Պաշտոնապես դա պատճառաբանվել է թագավարակի համաճարակի հանգամանքով:

Տեղեկատվա-քարոզչական նման արտահոսքերի դեպքում այսպես ասած՝ «ընդունող կողմը» կամ նրբորեն հերքում է, կամ չի արձագանքում, մանավանդ չի «վերահեռարձակում»: Իշխանության քարոզիչ ադրբեջանական լրատվամիջոցն, ընդհակառակը իր կողմից հատուկ ընդգծել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի պատկան մարմինները մի խումբ «իրանական ազդեցության անձանց են կալանավորել, որ մզկիթներում քարոզում էին տապալել աշխարհիկ իշխանությունը եւ հաստատել շիադավան կրոնապետություն» եւ ավելացնում, որ «նրանք գործել են Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ»:

Ասված է բավական թափանցիկ, որպեսզի հասկացվի, որ «Ալ-Մուստաֆա» աստվածաբանական համալսարանի գործունեությունը դադարեցնելու՝ Ադրբեջանի կառավարության մտադրության կամ արդեն իսկ կայացրած որոշման մասին իրանական աղբյուրների տեղեկացվածությունը, մեղմ ասած, իրականությունից հեռու չէ: Ուշագրավ է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն անցյալ դարի 70-ական թվականներին Ղումի հոգեւոր ուսումնարանն է ավարտել եւ անձամբ շիադավան է՝ լինելով էթնիկ թալիշ եւ իրանական ինքնության կրող:

Բայց նման «մանրուքները» քաղաքական որոշումներ կայացնելիս դեր չունեն: Թուրքիայից, հետ Իրանի հակասություններն օրերս բացահայտել է Գերագույն հոգեւոր առաջնորդը: Իրաքի Քրդստանի առաջնորդ Բարզանիի հետ բանակցություններում նա վերջինիս հորդորել է տարածաշրջանում «համագործակցել ոչ միայն Թուրքիայի հետ»: Ասվածն ուղղակի նշանակում է, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի ծրագրած «հատուկ ռազմական գործողությունը» Թեհրանի համար անընդունելի է:

Առկա է եւս մի նուրբ հանգամանք: Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրանական ինքնության կրող «տասնյակ անձանց ձերբակալության» առթիվ: Թե ինչու՞ է ԱՄՆ-ը մտահոգված Ադրբեջանում իրանական ինքնության դեմ ճնշումներով, կարելի է ենթադրել նրանից, որ Վաշինգտոնը նույնպես չի սատարում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «քուրդ ահաբեկիչների դեմ» Թուրքիայի «հատուկ ռազմական գործողությանը»:

Բաքվի «Ալ-Մուստաֆա» համալսարանի գործունեության դադարեցումը, Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի Ադրբեջանում ներկայացուցչի գրասենյակի փակումը, նստավայրը բռնագրավելու մտադրությունն, անկասկած, կոպիտ մարտահրավեր են Իրանին: Անստույգ է մի հանգամանք. Իրանն ինչ-որ սկզբունքային հարցում «տրորել է Ալիեւի ոտքը» եւ նա պատասխան քայլե՞ր է ձեռնարկում: Դատելով փաստից, որ Իրանի հասցեին կոպիտ որակումներով հրապարակումն արվել է իշխանության խոսափող կայքի միջոցով, Ալիեւն ինքն է Իրանի հետ լարվածություն անոնսավորում: Բայց դա նրա նախաձեռնությու՞նն է, թե արտաքին հրահանգավորման տեղեկատվական ապահովու՞մ: