Ակնհայտ է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ծավալվում է և արդեն իսկ համաժողովրդական բնույթ է ստանում, եթե արդեն չի ստացել: Այդ տեսանկյունից հատկանշական է մայիսի 12-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն հետաքրքրական ու կարևոր դիտարկումների առիթ տվեց թե՛ մասնակիցների քանակության, թե՛ տեղեկատվական հետաքրքրության, թե՛ միջավայրի ու մթնոլորտի, թե՛ նախորդած ընթացքի ու զարգացումների, թե՛, հասկանալի է, իր գաղափարական-քաղաքական բովանդակության առումներով: Հանրահավաքին, ինչպես հայտնի է, նախորդեց երիտասարդության երթը՝ Մատենադարանի մատույցներից: Իսկ հանրահավաքից հետո հատկապես երիտասարդների խմբերը «հեռացնել Նիկոլին» և ավելի շատ՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով «զրնգացնում» էին մայրաքաղաքի փողոցները, մետրոյի կայարանները:
Նմանապես հատկանշական է այն, որ նախորդ հանրահավաքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դիվանագետների խորհրդին» ու բանակի, ԱԱԾ-ի պահեստազորի սպաներին ուղղված խնդրանք-հանձնարարականները հստակ կատարվել էին: Հիշեցնենք, որ Սրբազանը խնդրել էր մասնագիտական զեկույցներ կազմել, համապատասխանաբար՝ սահմանազատման և սահմանագծման մոտեցումների ու սկզբունքների, ինչպեսև՝ անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ: Հանրահավաքի ընթացքը նկատի առնելով՝ միայն սահմանազատման ու սահմանագծման խնդիրների վերաբերյալ զեկույցը հնչեց, որը ներկայացրեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Բայց Բագրատ Սրբազանը նշեց, որ անվտանգության խնդիրների վերաբերյալ զեկույցը նույնպես մշակվել է:
Հընթացս, երբ լսում էիր, օրինակ՝ Վահագն Մելիքյանին, չէիր կարող ափսոսանքի զգացողություն չունենալ, որ այդ մոտեցումները չեն դրված այսօրվա ռեալ «քաղաքականության» հիմքում, այլ կան այն աղետային ցաքուցրիվ, երկրավնաս մոտեցումները, որոնցով առաջնորդվում է Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Ըստ որում, բազմաթիվ մասնագետների, դիվանագիտական կադրերի համակարգից դուրս թողած՝ փաշինյանական ԱԳՆ ներկայիս ղեկավար Միրզոյանը դեռ մի բան էլ համարձակվում է այդ մարդկանց «դասալիք» վիրավորական պիտակը տալ, ինչը իշխանության ներկայացուցչի դիրքերի ակնհայտ թուլության ևս մի նշան է: Բայց չշեղվենք: Հիմնականն, ինչ խոսք, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ու ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ելույթն էր: Դա, միանգամից ընդգծենք, հիմնովին ծրագրային ելույթ էր՝ հագեցած գաղափարական ու աշխարհայացքային կարևոր շեշտադրումներով:
Ընդհանուր գաղափարաքաղաքական հենքը, կարելի է ասել, քրիստոնեադեմոկրատական է՝ ազգային ինքնության առանցքային շեշտադրումով: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց շուրջ երկու տասնյակ կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ», որը վերաբերում է մեր երկրի, հասարակության կյանքը, գործունեությունը «Նիկոլից հետո» վերակազմակերպելուն, վերընձյուղելուն, այս վիճակից երկիրը ոտքի հանելուն և ժողովրդով վերջապես ոտքի կանգնելուն: Այստեղ բոլոր կետերը չենք թվարկի կամ նկարագրի, առավել ևս՝ համացանցում Սրբազանի ելույթը կա, ցանկացողները հանգիստ կարող են այն ևս մեկ անգամ հանգիստ ունկնդրել, ընկալել, վերլուծել: Կարևորը, որ մեր կյանքի ու գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ հարթակից օրվա գլխավոր բանախոսը հնչեցրեց կոնկրետ պատկերացումներ, խնդիրների հաղթահարման որոշակի ուղիներ ու միջոցներ, հստակ պատկերացումներ ու գնահատականներ: Հնչեցրեց գաղափարական համոզմունքով ու իրական, անկեղծ հավատով շաղախված:
Վստահությամբ, որ ազգային միասնության դեպքում հնարավոր է «Ոսկեպարով՝ Արցախ» բանաձևի իրականացումը: Դա իսկապես առաջնորդական ելույթ էր, որի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնանքի ու ժողովրդական ցանկության դեպքում: Բագրատ Սրբազանը շուրջ 1 ժամ 20 րոպե ելույթ ունեցավ, բայց ահա թե ինչն է բնութագրական. նրա խոսքում չկար ոչ մի թշնամանք, ոչ մի ատելություն կամ ատելության սերմանում, ոչ մի չարություն կամ չարացածություն, ոչ մի քաղաքական շանտաժ, ոչ մի մանիպուլ յատիվ ելևէջ: Կար հստակ դիրքավորում, անկեղծ խոսք՝ ի խորոց սրտի: Կային կոնկրետ շեշտադրումներ: Ամենից կարևորը՝ հանրահավաքի մասնակիցներից շատերի հայացքներում, արձագանքներում հույս էր զգացվում: Ու դա չափազանց կարևոր է: Եվ մարդկանց արձագանքներում էլ ջղաձգություն չկար: Չկար, որովհետև հարթակից էլ նման ազդակներ չէին գալիս:
Ու սա ևս չափազանց կարևոր է: Որևէ առումով այդ ելույթը համեմատելի չէ թե՛ 6 տարի առաջ, թե՛ հաջորդած շրջանում, թե հատկապես այս վերջին 3-4 մղձավանջային տարում Փաշինյանի ունեցած ելույթների հետ: Այդ առումով մայիսի 12-ի հանրահավաքի գլխավոր ելույթը խոր գաղափարական, բովանդակային հակասության մեջ է պետության ղեկն զբաղեցնողի պառակտիչ, ստերով հագեցած, կեղծավոր, ընկճիչ, օտարաշահ խոսույթի հետ: Ի վերջո, բոլորը տեսան, թե 6 տարի առաջ դագաղ ճոճելով ու դրա վրա հրճվելով արված փաշինյանական իշխանագրավումն ինչ աղետների հանգեցրեց, որքան թշնամանք ու ատելություն ներարկվեց մեր հասարակության ու ժողովրդի մեջ: Հույս կա, որ եկել է այդ ամենը հաղթահարելու ժամանակը: Եվ Բագրատ Սրբազանը, մեր եկեղեցու հոգևոր հայրերը ասում են՝ ժողովուրդ, մենք միասին կարող ենք: Եվ մի կարևոր նրբերանգ: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում հասարակական-քաղաքական օրակարգը ձևավորում ու թելադրում է հրապարակը, կոնկրետ՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Ու սա այս պայքարի կարևոր ձեռքբերումն է:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը