27/07/2024

Բագրատ Սրբազանը կարո՞ղ է հանել անհանդուրժողականությունը

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հիմնական առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համարել է ավանդական դաշնակից երկրի հետ հարաբերությունների վերականգնումը:

Խոսքն ինչ ավանդականության եւ որ երկրի մասին է՝ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա: Ոչ էլ նպատակը կարող ենք «ազգակործան» անվանել: Ի վերջո, այն, ինչ օրենքով արգելված չէ, ուղղված չէ երկրի սահմանադրական կարգի տապալմանը, կարող է քաղաքական պլատֆորմ լինել:

Կստանա՞ նա մեծամասնության քվեն՝ բարի, թող կառավարություն ձեւավորի: Սա օրինական, լեգիտիմ, աշխարհում ընդունված եւ հարգվող քաղաքական պրակտիկա է: Բայց ըստ երեւույթին, Հրապարակում եզրակացության են եկել, որ Ռուսաստանն «իրենց խանգարում է» նրանով, որ հանրության շրջանում ռուսամետ կամ ռուսաստանահովանավորյալ գործիչները ցածր վականիշ ունեն, իրենցից խուսափում են, չեն միանում միայն այն պատճառով, որ «ռուսական պրոյեկտ են»: Եւ որոշել են, ինչպես Վարդանանք Պարսկաստանում՝ «առերես ուրանալ»:

Շարժման մի միստիֆիկացիային, երբ ասում են՝ պետք չէ այս պահին վարչապետի թեկնածուի անուն տալ,-գումարվում է երկրորդը՝ պետք չէ այս փուլում արտաքին քաղաքական կողմնորոշում դրսեւորել, եկեք կենտրոնանանք միայն «հականիկոլականության» քարոզչության վրա: Այսինքն, շարժման քաղաքական իմաստը, միջուկը, եթե կա էլ, թողնվում է մի կողմ, առաջնաբեմ է բերվում անձնաց եւ խմբավորումների դժգոհությունը, ազգային-հայրենասիրական կոչվող քարոզչությունը եւ, իհարկե, բռնատեղահանված արցախցիների «պայթուցիկ զանգվածի» գործոնը: Եւ փորձ է արվում այս երեք բաղադրիչներից խմորել «կրիտիկական զանգված»:

Սա էլ տեխնոլոգիա է, որ կիրառելի կլիներ, եթե խոսք գնար, դիցուք, մի քաղաքապետի կամ մարզպետի հրաժարական պարտադրելու մասին: Սոցիալ-կենցաղային անհանդուրժողականության, բռնատեղահանված մարդկանց էմոցիաների եւ պատմական հայրենիքը չուրանալու կամ հավերժական պայքարի իեդեա-ֆիքսից «միքսել» վարչապետի հրաժարական՝ նշանակում է մի բան. հաջողության դեպքում նստել վարչապետի բազկաթոռին եւ չիմանալ, թե ո՞րն է լինելու կառավարության, ինչպես Քաջազնունու ժամանակ էին ասում՝ հայտագիրը:

Եթե միջին-վիճակագրական ցուցարարին այս հարցը տրվի, հնչելու է մի պատասխան՝ բոլորին դատել: Փորձես պարզաբանում ստանալ, լսելու ես՝ «Լեւոնից սկսած՝ մինչեւ Նիկոլ»: Իսկ ի՞նչ է պատասխանում շարժումը: Սկզբունքորեն մի բան. դադարեցնել արեւմտյան աշխարհի հետ ինտեգրման գործընթացը, վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության հուն, ՌԴ-ն ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանազատման աբիտր եւ երաշխավոր: Բայց ինչու՞ քաղաքական այս պլատֆորմը հստակ եւ հանրությանը մատչելի բառապաշարով չի հնչեցվում:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու փոխարեն չի առաջարկվում, որ Հայաստանի արտաքին քաղաքական, քաղաքակրթական եւ անվտանգային միջավայրի ընտրության հարցով կառավարությունը հանրաքվե նախաձեռնի, որ կլինի նաեւ իր հանդեպ հանրային վստահության քվեարկություն: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրային հաշտություն է քարոզում:

Ինչպե՞ս, եթե նրա գլխավորած շարժման մասնակիցները ՔՊ-ի օգտին քվեարկած մոտ յոթ հարյուր քաղաքացու մինչեւ վերջերս «ժեխ» էր անվանում, այսօր արդեն՝ «թուրք»: Սրբազանը կարո՞ղ է հանել այդ անհանդուրժողականությունը:

Հազիվ թե, որովհետեւ վերջին ելույթներում ինքն արդեն ոչ միայն անհանդուրժողականություն է դրսեւորում, այլեւ, կարծես, դառնում անհիմն վերագրումների եւ մանրախնդիր վրիժառության քարոզիչ: