27/07/2024

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար և որ այս առումով իմաստ չկա պահպանել այնպիսի ինստիտուտ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վերջինս այս մասին ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի երկկողմ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, որոնց թվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

«Ամենամեծ արդյունքն այն է, որ սահմանազատման գործընթացն իրականացվել է երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Խաղաղության պայմանագրի ստորագրման մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, իսկ Ալմաթիում Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները մեծ քայլ էին այս գործընթացում»։

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, լինի համաձայնագիր, որը բացառի կետեր, որոնք ապագայում կարող են նպաստել ցանկացած վիճելի հարցի քննարկմանը:

«Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ փոխադարձ լուծման հասնելու համար։ Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մեծ, թե փոքր քայլ է, կիմանանք միայն գործընթացի վերջում, բայց սա գործընթացի կարևոր մասն է»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի էին ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Նախարարները ողջունել էին սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել էին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: