27/07/2024

ՀՀ ԱԳՆ-ում գավառական սխալներ են թույլ տալիս․ Տարասով

Հրապարակ թերթի հարցազրույց ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ

– ՌԴ նախագահի եւ Փաշինյանի միջեւ մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների միջեւ տնտեսական հաջող հարաբերությունների մասին, բայց ռազմաքաղաքական, ստրատեգիական կոմպոնենտը մնաց անհասկանալի։ Կա տպավորություն, թե զրույցն այնքան էլ հաճելի չի եղել Փաշինյանի համար։

-Հանդիպման ժամանակ, անկասկած, շոշափվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծառացած մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ վերջին շրջանում Երեւանից հնչած հակառուսական հայտարարություններին։ Գիտեք, որ հանդիպումից առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ դադարում է ՀԱՊԿ բյուջեի ֆինանսավորումը։ Թեեւ նրանք կարծում են, որ այդ մեխանիզմը չի գործում, բայցեւայնպես, այս ելույթը ոչ մի լավ բանի հույս չի թողնում։ Ճիշտ է, ո՛չ Մոսկվան, ո՛չ հայկական կողմը չհրապարակեցին հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցած զրույցը՝ քաղաքական հարցերին առնչվող, բայց գլխավոր միտքը, դիրքորոշումը հնչել է՝ որ ՌԴ սահմանապահները դուրս են բերվում Ադրբեջանի հետ շփման գծից, որտեղ նրանց ներկայությունը կորցրել է իմաստը, բայց մնում են Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանին, ինչը ճիշտ որոշում է։ Բացի դա, հավանաբար, Մոսկվան դրել է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարի հարցը, եւ հնարավոր է նույնիսկ խոսվել է Գյումրու ռազմաբազայի՝ այնտեղ մնալու մասին։ Հարցը, ըստ ամենայնի, քննարկվել է, բայց վերջնական որոշում չի ընդունվել, եւ այս պահին հայկական կողմը ոնց որ թե այն չի բարձրացրել։ Ըստ ռուսական կողմի տրամադրությունների, կողմերը պահպանում են գործընկերային հարաբերություններ, իսկ գործընկերների միջեւ կարող է լինել նաեւ անհամաձայնություն, որը լուծելի է, եւ սա նշանակում է, որ Մոսկվան մտադիր չէ ռադիկալ քայլերի գնալ եւ խզել Հայաստանի հետ հարաբերությունները։ Բայց սա տակտիկական եւ միջանկյալ որոշում է, քանի որ փոխվում է Անդրկովկասի գեոպոլիտիկան, առաջացել է ռուս-ադրբեջանական ալյանս, եւ հիմա Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանը կառուցում է եռանկյունու տեսքով՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, եւ հենց այս եռանկյունում էլ դիտարկվելու են տարածաշրջանային անվտանգության եւ կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրները։ Սա, հավանաբար, 3+3 ձեւաչափի ակնարկն է՝ Ռուսաստան- Իրան-Թուրքիա եւ երեք անդրկովկասյան հանրապետություններ։ Բայց այս ձեւաչափը ենթադրում է, որ Արեւմուտքի մասնակցությունն անվտանգային պրոբլեմներում բացառվում է։ Այս դիրքորոշումներն արդեն նշված են, խոսքը Հայաստանինն է, իսկ Հայաստանը տակտիկական պաուզա է վերցրել, եւ սա մտածել է տալիս, որ կողմերը եկել են տակտիկական հրադադարի, չեն շեշտադրելու հարաբերությունների խզումը, բայց գլխավոր որոշումները, ըստ ամենայնի, դեռ առջեւում են։

– Ռուսական կողմը շեշտում է, որ շարունակելու է պահպանել ՀՀ սահմանները՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Իրանի սահմանի հատվածը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանի հետ զինված կոնֆլիկտ սկսվի, ռուսական ներկայությունը դեր կխաղա այն կանխելու հարցում։ Թեզն այն մասին, որ պատերազմը մոտ է, Հայաստանում շատ է տարածված։ 

– Ինքնին այն փաստը, որ հայկական կողմը չի պնդում, որ ՌԴ սահմանապահները դուրս բերվեն Իրանի եւ Թուրքիայի սահմաններից, այլ միայն «Զվարթնոցն» ու Ադրբեջանի հետ շփման գիծն է նշում, վկայում է, որ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի գնահատականները համընկնում են։ Հայաստանը, ընդհանուր առմամբ, իրեն անվտանգ չի զգում, համարում է, որ Ադրբեջանը պատրաստ է ագրեսիայի։ Բայց տարածաշրջանային իրավիճակը, Մերձավոր Արեւելքում տիրող անկայունությունը, որը դիպչում է նաեւ Իրանին, Թուրքիային, դրա ալիքները կարող են հասնել նաեւ Անդրկովկաս եւ կարող են, պայմանական ասած՝ ճեղքել պաշտպանական գիծը, որն առանձնացնում է Անդրկովկասը Մերձավոր Արեւելքից։ Ահա ինչու ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը նախեւառաջ թելադրված է ՌԴ շահերով, լայն կոնտեքստում՝ շեշտեմ, որը ՌԴ անվտանգության ապահովումն է, եւ նեղ իմաստով՝ Հայաստանի անվտանգության ապահովումը։ Այստեղից բխում է այն, որ հայերը չեն պնդում Գյումրիից ՌԴ ռազմաբազայի դուրսբերման հարցը, եւ այն, որ թեեւ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարում։ Ֆորմալ առումով ՀՀ-ի ու ՀԱՊԿ երկրների հետ կապը պահպանված է։ Մյուս կողմից Հայաստանի թեքումը դեպի Արեւմուտք որոշակի մտորումների տեղիք է տալիս։ Փաշինյանը, ունենալով ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ, «հաջողացրել» է նաեւ Իրանի հետ լարել հարաբերությունները, որովհետեւ Իրանը դժգոհ է տարածաշրջանում արեւմտյան ուժերի ներկայությունից՝ ԵՄ դիտորդներից, որոնք հայտնվել են այդտեղ, Ֆրանսիայի հետ սկսվող ռազմատեխնիկական գործակցությունից։ Իրանին սա ձեռք չի տալիս։ Հայաստանը հայտնվում է գեոպոլիտիկ շրջափակման մեջ։ Նրան թիկունք կարող է լինել միայն զորքերի կոնտինգենտ մտցնելը, որն Արեւմուտքի դեպքում բացառվում է։ Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի կոնֆլիկտները՝ ձեզ օրինակ։ Տեխնիկա տալիս են, բայց կռվում են ուկրաինացիները։ Հայերին կարող են հրահրել պատերազմի եւ դարձնել կովկասյան Ուկրաինա, ինչը Հայաստանում լավ հասկանում են։ Փաշինյանն ու նրա թիմը սխալներ են գործում։ Նրանք պետք է հաշվի առնեին իրենց պարտությունների փորձը եւ այլ կերպ կառուցեին հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ, բայց գավառական ռադիկալիզմ դրսեւորեցին, այն դեպքում, երբ «գործընկեր» Ադրբեջանը բազմապրոֆիլ քաղաքականություն է վարում, ձեւավորեց ՌԴ-ի հետ ալյանս, Չինաստանի, Իրանի հետ է հարաբերություններ ստեղծում, չի վախենում առճակատման գնալ Արեւմուտքի հետ, եւ այս իրավիճակում Հայաստանը գեոպոլիտիկ կույր աղիքի դերում է հայտնվում։ Եթե, օրինակ, Երեւանը հիմա պնդեր, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվեր, Մոսկվան սա չէր ընդունի որպես կատաստրոֆա, քանի որ ՌԴ ներկայության ռուսական դիագնոստիկան տարածաշրջանում տարբերվում է հայկականից։ Հայերը համարում են, որ Ռուսաստանը նոր Խորհրդային Միություն է ստեղծում, բայց դա այդպես չէ։ Մյուս կողմից, Հայաստանը ճիշտ չի դիտարկում Թուրքիայի մղումները՝ համարելով, որ պանթյուրքիզմն է դեր խաղում։ Ցավոք, ՀՀ ԱԳՆ-ում մասնագետներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են ու պահանջված չեն, դրա համար գավառական սխալներ են թույլ տալիս։ Հայաստանը կորցնում է նախկին ազդեցությունը, որն ուներ, երբ սերտորեն համագործակցում էր Մոսկվայի հետ։

– Հայաստանում հիմա սպասողական վիճակ է։ Բոլորը, շունչները պահած, հետեւում են ժողովրդական ընդվզման ճակատագրին։ Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվի, եթե այս շարժումը հաղթի։ Եվ երկրորդ․ որքանո՞վ է հնարավոր, որ հենց Փաշինյանի հրաժարականը լինի, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

– Նախ՝ ընդվզման շարժումներ միշտ են եղել Հայաստանում։ Հայերը դուրս են գալիս, գոռգոռում են, վրաններ են խփում, բախումներ են լինում, ու ամեն ինչ ավարտվում է։ Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե Ռուսաստանը, որպես արտաքին գործոն, պաշտպանում է իրենց։ Իրականում Ոուսաստանը բաց քաղաքականություն է վարում ու չի խառնվում գործընթացներին։ Եթե Ռուսաստանն ուզենար Փաշինյանին հեռացնել, հիմա վաղուց դա արած կլիներ։ Ռուսաստանը դրան չի խառնվում, իսկ ներկայիս գործընթացը դիտում է կողքից, 100 տոկոսանոց հնարավորություն տալով հայերին՝ որոշել, թե ում հետ են իրենք լինելու։ Հայերը հիմա որոշում են իրենց ճակատագիրը՝ պահպանե՞լ պետականությունը, թե՞ մնալ գաղութի կարգավիճակում։ Իհարկե, նման իրավիճակում Փաշինյանին պետք է արտաքին թշնամի։ Ռուսաստանը չի հարձակվի, Թուրքիան չի հարձակվում, Ադրբեջանը Մեղրիի պատճառով չի կռվի, որովհետեւ նա շահագրգռված է Ռուսաստանի ներկայությամբ, եւ Ալիեւը սա չի թաքցրել Մոսկվա կատարած այցի ու Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նա առաջին անգամ, ի տարբերություն նախկինում բարձրաձայնած տեսակետների, հայտարարեց, որ Ռուսաստանը վճռական գործոն է՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, այդպես չի համարում, իսկ Ալիեւը, չլինելով ՀԱՊԿ անդամ, այդպես է համարում, որովհետեւ ավելի գրագետ է ու նրբորեն զգում է տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ լավ հասկանում է, որ ՌԴ ռազմական, տնտեսական, գեոպոլիտիկ ռեսուրսը դեռ պետք է տարածաշրջանում, Ադրբեջանի անկախությունը պաշտպանելու համար, հաշվի առնելով Իրանի գործոնը։ Զանգեզուրի միջանցքի հարցը կարելի է այլ կերպ լուծել, եւ 4 գյուղերի հարցը նույնպես կարելի էր այլ կերպ լուծել՝ առանց այս ամբողջ լարվածության եւ հակառուսական հիստերիայի։