27/07/2024

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից. Տեսանյութ

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ:

Հետագա միջոցառումները ձեռնարկվել են ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզել են, որ մայիսի 9-ին՝ ժամը 20:30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց է արձակել Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի:

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնեց, որ ինքն է կրակել 57-ամյա հորն ու 24-ամյա որդուն պատկանող մեքենաների վրա։

Ըստ նախնական տեղեկությունների` մինչ այդ միջադեպը վեճ էր տեղի ունեցել 50-ամյա տղամարդու որդու և 24-ամյա երիտասարդի միջև: Հրացանի վերաբերյալ տղամարդը հայտնել է, թե այն գտել է Աշտարակի ձորում։

50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:

Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են: