10/10/2024

Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում

«Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ այս պահը Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում, չնայած նրա հետ հանդիպում եւ փորձում են իրենց աջակցությունն ու առաջարկները ներկայացնել քաղաքական ամենատարբեր ուժեր: Նա միայն լսում է ու փոխանցում, որ կքննարկեն շարժման նախաձեռնողներով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք Չալաբյանին, իսկ տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում։ Ի դեպ, նրանք էլ են փորձում չմիջամտել՝ չվնասելու սկզբունքով: Օրինակ, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ շաբաթից ավելի երկրում չէ` Գերմանիայում է, վերադառնալու է վաղը»:

Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։

Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան։