27/07/2024

Ալմաթիի բանակցությունը այլ բանի մասին է, ոչ հաղորդուղիների ապաշրջափակման

Մոսկվան ողջունում է Ալմաթիի հանդիպումը, շփումներն Ալմաթիում ընթանում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հունով, մայիսի 15-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Այս հայտարարությունը բավականին ուշագրավ է, հատկապես այն ֆոնին, որ Ալմաթիի արտգործնախարարական հանդիպման հանգամանքը ողջունել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ երկու օր առաջ տարածած հայտարարությամբ: Ստացվում է, որ Փարիզը եւ՞ս ողջունում է եռակողմ հայտարարության հունով ընթացող բանակցությունը:

Հազիվ թե խոսք լիներ պարզապես հերթապահ ողջույնի մասին, առանց բովանդակությանը տիրապետելու: Այդպիսի ողջույնները չեն արվում հերթապահության կամ քաղաքավարության սկզբունքով: Մյուս կողմից, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակին ո՞վ է հայտնել, թե ինչ հունով են ընթացել Ալմաթիի բանակցություններ: Ղազախական կո՞ղմն է Մոսկվային հայտնել դա, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: Ալմաթիից հետո հայտնի չէ հայ-ռոսական այդ մակարդակի որեւէ շփման մասին:

Միեւնույն ժամանակ, կարծես թե բավականին նկատելի հակասություն կա Զախարովայի, եւ այդ գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչ՝ փոխնախարար Գալուզինի հայտարարությունների միջեւ: Գալուզինը իր հարցազրույցում նշել է, որ Երեւանն Արեւմուտքի ճնշման տակ սառեցրել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում իր գործունեությունը:

Խոսքը Օվերչուկ, Գրիգորյան, Մուստաֆաեւ եռյակի գլխավորությամբ աշխատանքային խմբի մասին է, որ ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ համաձայնությամբ եւ զբաղվում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով:

Տարօրինակ չէ՝ Երեւանը եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասով սառեցնում է իրավիճակի, իսկ Ալմաթիում մասնակցում եռակողմ հունով բանակցության: Թե՞ Ալմաթիի բանակցությունը այլ բանի մասին է, ոչ հաղորդուղիների ապաշրջափակման:

Համենայն դեպս այդ ֆոնին էլ ուշադրության է արժանի Ալմաթիի հանդիպման բացման խոսքում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի շեշտադրումը, թե կառուցողական տրամադրված Երեւանը կողմ է ոչ միայն Խաղաղության պայմանագիր ստորագրելուն, այլ նաեւ ավելի առաջ գնալուն եւ հաղորդուղիները ապաշրջափակելուն: Ստացվում է, որ Խաղաղության պայմանագիրն ինքնին ուղիիղ առնչություն չունի հաղորդուղիների թեմայի հետ: Այդ դեպքում ի՞նչն է մնում Ալմաթիի «տակը»: Այն ողջունող Մոսկվան ու Փարիզը գիտե՞ն: