27/07/2024

Կա՛մ այսօր, կա՛մ երբեք, պիտի ազատագրենք մեր հայրենիքը․ Սրբազան

Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել՝ կապված Կիրանցում այս պահին տեղի ունեցողի հետ։

«Արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումներն ու մամլո հաղորդագրությունները։ Այս ամենը տեղի է ունենում՝ ի հաշիվ մեր կյանքի, մեր քաղաքացու և մեր գոյության։ Իշխանության համար նշանակություն չունեցան արձանագրված փաստերն ու մասնագիտական հիմնավորումները։ Ինչպես նաև քաղաքացիների անհամաձայնությունը։ Նրանք գործում են բարոյականության, ինքնության, Սահմանադրության և տրամաբանության չափանիշներին հակառակ։

Հիմա անհրաժեշտություն է գնալ ոչ թե հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները։ Պատճառը մեկն է, այն Երևանում է։ Հրամայական է ժամ առաջ, համբերությամբ ու վստահությամբ վերացնել այս իշխանությունը՝ իր ապօրինություններով հանդերձ։

Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի։ Մենք առաջիկա գործողություններով պիտի ընթանանք այս ճանապարհով, որովհետև այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա։ Պետք է լծվենք ամենաբարդ ու ծանր աշխատանքին։ Եվ դա պիտի անենք հստակ քայլերով, նպատակադրված, որոշակի կոնկրետ քայլերով։

Եվ արդյունքը, որին կհասնենք, որևէ մեկինը չէ, նյութական որևէ ակնկալիք մենք չունենք։ Սա ստի և ճշմարտության պայքար է, ու ճշտմարտությունը պիտի հաղթի։ Կիրանցի մեր հայրենակիցներն այս պահին արդեն իսկ տնազուրկ դարձած, փողոցում են։

Բոլորիդ հրավիրում եմ ծրագրելու մեր հետագա քայլերը։ Կա՛մ այսօր, կա՛մ երբեք, պիտի ազատագրենք մեր հայրենիքը»,- նշել է Սրբազան հայրը։