27/07/2024

Մնում է «շարքային երկրի կարգավիճակով» անդամակցել ԵԱՏՄ-ին

Չնայած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի Ադրբեջան այցին տրվել է արարողակարգի ամենաբարձր՝ «պետական» աստիճան, փաստը, որ մեկ օր առաջ նա Բաքու էր գործուղել իր արտաքին գործերի նախարարին, վկայում է, որ Ալիեւի հետ դեմ առ դեմ ռեժիմում քննարկումների անհրաժեշտություն ծագել է արտակարգ ռեիմումում: Բայրամով-Ալեյնիկով հանդիպումից ժամեր անց Լուկաշենկոն արդեն Բաքվում էր:

Լուկաշենկոն եւ Ալիեւը քսանմյա անձնական բարեկամներ են: Եւ, բնականաբար, պետք է ենթադրել, որ Ալեքսանդր Գրիգորեւչն Իլհամ Հեյդարովիչի հետ, որին նա հրապարակային «մեր մարդն» է անվանել,-այսինքն՝ եվրասիական ընտրության պետական գործիչ,- ավելի խորացված, գուցե թե՝ ֆորմալ ձեւակերպման արժանի թեմա պիտի քննարկի,:

Ըստ երեւույթին, օրը պատահական չի ընտրվե. Ռուսաստանի նագահը նույն օրը Պեկինում փակ բանակցություններ է վարում Չինաստանի առաջնորդի հետ: Իսկ դրան նախորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի առցանց նիստ, որտեղ քննարկվել է ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համար «քաղաքական նոր փուլում» հարաբերությունների հարցը: ՌԴ նախագահի օգնական Ուշակովն ասել է, որ Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման հիմնական հարցը հետխորհրդային տարածքի ինտերգրման եւ չինական «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման հնարավորությունն է:

Նախորդիվ մենք նկատել էինք տվել, որ Ալիեւի համար ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ն ուղղակի-ֆորմալ անդամակցումը ռեպուտացիոն մեծ կորուստ կլինի: Նա ձգտելու է հասնել «համակարգաստեղծ» պետական գործչի ստատուսի, որը կերաշխավորի եւ Ադրբեջանի ռեգիոնալ առաջատարության ֆորմալացումը, եւ դինաստիական իշխանության լեգալացումը: Դա հնարավոր է երկու տարբերակով. կամ Ադրբեջանը միանում է Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, բայց որպես ռազմավարական դաշնակից, կամ նրա առջեւ բացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության կամ ԲՐԻԿՍ-ի դուռը:

Ալիեւը խոստովանել է, որ իր առջեւ Եվրամիության դռները փակ են: Թուրքիայի ռազմաքաղաքական «անկման» պատճառով Թուրքական պետությունների կազմակերպությունը համաշխարհային ուժային կենտրոն, ամենայն հավանականությամբ, չի լինի: Կա, իհարկե, Իսլամական համագործակցության կազմակերպություն, բայց այնտեղ է Իրանը, որ Բաքվի հետ հավասար կարգավիճակ կիսելու ոչ մի մոտիվ չունի:

Մնում է կամ «շարքային երկրի կարգավիճակով» անդամակցել ԵԱՏՄ-ին, կամ՝ ՇՀԿ-ին, կամ՝ ԲՐԻԿՍ-ին: Վերջին երկու տարբերակները Մոսկվային ոչ մի առումով ձեռնտու չեն, որովհետեւ Վլադիմիր Պուտինը նպատակադրված է առաջիկա վեց տարիներին հասնել պոստխորհրդային տարածքի այնպիսի ինտեգրման, որտեղ Մոսկվան կվերադարձնի «նախաթոռության» կարգավիճակը:

Այս առումով Ալիեւը խաղարկման լայն դաշտ ունի. եթե նա Բաքվի «դարպասենրը բացի» ԵՎրամիություն-Կենտրոնական Ասիա համագործակցության առջեւ, ապա Պուտինի «հողահավաքը» չի ստացվի: Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, Ալիեւին Պուտինից «բարեւագիր» ունի:

Բայց կկարողանա՞ նա «կոտրել» իրեն Կովկասի առաջնորդ «թագադրած» Ալիեւին: Իրավիճակի առերեւույթ դրսեվորումների տրամաբանությամբ՝ ոչ: Բայց ո՞վ գիտի, թե «ֆրակի թեզանիքում X ժամի համար պահած ի՞նչ խաղաքարտ ունի» Պուտինը: