27/07/2024

Տեղի ունեցավ հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան. Թրեյլեր

Արտահանել հայկական մշակույթն ու հայկական հարսանիքի ավանդույթը՝ այլ երկրներ․ տեղի ունեցավ միջազգային «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան։ Մայիսի 16-ից հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգությունը հասանելի է կինոթատրոններում։ Ֆիլմի պրեմիերային ներկա էին ստեղծագործական կազմի անդամները, դերասանները, այլ աստղային հյուրեր։

«Ֆիլմը ընտանեկան արժեքների մասին, ընտանիքի ինստիտուտի կարևորության։ Ես չեմ հիշում նման ժանրի որևէ այլ ֆիլմ, որտեղ մանրամասն կերպով ներկայացվի հայկական ավանդական հարսանիքը, ցուցադրվի ամեն օրն իր խորհրդով։ Ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը․ արտիստները մաքրամաքուր հայկական ստեղծագործություններ կատարել ամբողջ ֆիլմի ընթացքում։ Ամեն արարողության հետ կապված թեմատիկ երգեր են հնչել»,-նշում է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Կբեյանը։

«Ֆիլմում պարզ հնչում է միտքը, թե ինչու են հայկական ընտանիքները ամուր։  «7 օր, 7 գիշեր»-ի շնորհիվ մենք աշխարհին ճանաչելի կդառնանք որպես ամուր ընտանիքների երկիր։ Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից, մեզ օգնել են մասնագետներ՝ վերարտադրելու ամբողջ 7 օրվա և 7 գիշերվա արարողակարգը։ Ամեն օրն ունի իր նպատակը։ Եվ այնքան հետաքրքիր է, որ ոչ մի ավանդույթ հենց այնպես չէ ստեղծված»,-նշում է ֆիլմի սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի  լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ և հետաքրքիր դրամատիկ ընթացք։ «7 օր, 7 գիշեր»-ը փորձ է հայկական այս ավանդույթը դարձնել միջազգային և գուցե ինչ-որ բան փոխել աշխարհում դեպի լավը։

Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում  նրան ի վերջո հանջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր և 7 գիշեր տևող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում, իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։  Այժմ  նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը՝ ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին,  Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։

Ֆիլմը նկարահանվել է Հաայաստանում։ Ստեղծագործական թիմը հույս ունի, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում և տարածում կստանա։

Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լևոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը  Hayat Project-ն է։

Նշենք նաև, որ Հայաստանյան պրեմիերայի հետ զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաև մի շարք ԱՊՀ երկրներում։

Ֆիլմի թրեյլերը՝