27/07/2024

Լուկաշենկոյի հյուրախաղերը Ադրբեջանում՝ ամեն ինչ կորոշի Մեհրիբանը

Այցով Ադրբեջան ժամանած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արել է մի քանի աղմկոտ հայտարարություն, որոնք մինչեւ գետին խոնարհում են Իլհամ Ալիեւի առաջ:

Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանը Կովկասի լիդերն է եւ լավ է, որ կա այդպիսի լիդեր, որը պատասխանատու է ռեգիոնի համար: Լուկաշենկոն նաեւ «հիշել» է 44-օրյա պատերազմից առաջ ինչ որ զրույց Ալիեւի հետ, ասելով, թե այն ժամանակ եկել են եզրակացության՝ որ պատերազմը հաղթել հնարավոր է:

«Հաղթեցինք, պահեցինք, հիմա պետք է զարգացնենք տարածքները», հայտարարել է Լուկաշենկոն Ալիեւին: Ահա թերեւս ռեվերանսի եւ ընդհանրապես այցի գլխավոր նպատակը՝ Լուկաշենկոն եկել է պատերազմի իր «տորթի» հետեւից, եւ հիշեցնում է Ալիեւին իր դերը՝ դրա դիմաց ակնկալելով մասնակցություն «տարածքների զարգացմանը»: Իսկ դա նշանակում է պատվերներ, փող: Բելառուսի նախագահը եկել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի «արյունոտ տորթի» իր կտորի հետեւից:

Հավանաբար հենց տորթի իր բաժինն էր նա ակնկալում նաեւ երեւանյան ՀԱՊԿ Վեհաժողովում հայտնի ձայնագրոության մեջ, երբ Սերժ Սարգսյանին ասում էր, որ Իլհամը 5 միլիարդ է առաջարկում տարածքների համար, իսկ Սարգսյանըւ պատասխանում, որ ինքը վեցը կառաջարկի Իլհամի հրաժարվելու դիմաց: Լուկաշենկոն «ատկատ» էր ուզում, բայց իրադարձությունները զարգացման այլ կերպ, հիմա ուզում է այլ տեսքով:

Առավել եւս, որ փող հիմա շատ է պետք: Մոսկվան գործնականում բոլոր ռեսուրսներն ուղղել է ուկրաինական պատերազմին եւ Բատկան թերեւս չի կարող ավանդականի պես միլիարդներ պոկել Պուտինից: Միաժամանակ, չի էլ կարող նրան ենթարկել շանտաժի՝ Արեւմուտքի հետ երկիմաստ խաղով, որովհետեւ ուկրաինական պատերազմի ստեղծած վիճակի հետեւանքով Լուկածենկոն մնաց քաշված գծից այս կողմ:

Անշրջելիության համար Պուտինը այնտեղ տեղեկայեց նաեւ մարտավարական միջուկային զենք: Դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Արեւմուտքի դեմ էր, որքան՝ Լուկաշենկոյի՝ «սեղանի տակ խաղերի»: Ըստ ամենայնի Չինաստանից էլ այսօր չկա մեծ հույս, քանի որ այդտեղ էլ թերեւս ամեն ինչ Պուտին-Սի Ցզինպին պայմանավորվածությունների ներքո է, հետեւաբար Պեկինից կգնա այնքան, որքան կցանկանա Մոսկվան:

Իսկ Մոսկվան հիմա Պեկինից անհագ ակնկալիք ունի հենց իր համար, ինչի մասին վկայեցին նաեւ հենց այսօր Պուտինի հայտարարությունները՝ Չինաստան այցի շրջանակում: Մնում է Իլհամը, ում մոտ եկել է Բատկան՝ մինչեւ գետին կռացած իրանով եւ երկարացրած ձեռքով: Բայց, ըստ ամենայնի, ամեն ինչ կորոշի Մեհրիբանը: