27/07/2024

Հայաստանում դեղերի շուկան մնում է ստվերում

Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագիր, եւ այսուհետ այն կարող է ոչ միայն Հայաստանում գրանցվող դեղերի որակի վերահսկողություն իրականացնել, այլեւ` դեղերի միջազգային շուկայում:

Հրապարակ թերթը գրել է․ «Շուրջ 20 նորագույն սարքավորումներով ու լաբորատոր կահույքով է համալրվել կենտրոնը` համապատասխանելով դեղորայքային անվտանգության միջազգային չափանիշներին»,- հայտնում է նախարարությունը:

Հայտնի չէ, թե այս կենտրոնի ինչին է պետք հսկողություն իրականացնել միջազգային շուկայում, եթե հանրապետության ներսում չի կարողանում կարգուկանոն մտցնել, իսկ դեղերի շուկան Հայաստանում սեւ է ու ստվերային։ Հիշեցնենք․ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը գործում է փետրվարից, ամիսներ առաջ լուծարված՝ դեղերի գրանցման համար պատասխանատու պետական մարմնի՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փոխարեն։ Մասնագետները կատակում են՝ Էմիլ Գաբրիելյանի անունն արանքից հանեցին, եւ սա էր թերեւս միակ շոշափելի փոփոխությունը։ Թեեւ, ասում են, առաջ ինքնաբավ հիմնարկ էր, հիմա բյուջեից մեծ դոտացիա է ստանում:
Մասնագետները, շուկայի մասնակիցները  փաստում են, որ այս պահին շրջանառվող գրանցված դեղերի քանակը չի բավարարում բուժման մեթոդները լիարժեքորեն իրականացնելուն։ Այն մոտ 4-5 անգամ պակաս է պահանջվող քանակից եւ լրացվում է մաքսանենգ ճանապարհներով։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը, ուսումնասիրելով դեղատների, դեղորայք ներմուծող ընկերությունների տվյալները, եկել է համոզման, որ անհրաժեշտ է ամենաքիչը մոտ 7 հազար անվանում դեղորայք, սակայն մեզ մոտ պաշտոնապես գրանցված է 3300-3400-ը, իսկ շրջանառվող գրանցված դեղամիջոցները 1750-1800 անուն են։ Հասկանալի է, որ պակասորդը լրացվում է դրսից, մաքսանենգ ճանապարհով։ Ըստ Խաչատրյանի՝ Վրաստանի դեղերի 30 տոկոսը գալիս է Հայաստան։

«Փաստորեն, Հայաստանում դեղ չկա, եւ սրա մեղավորը պետությունն է, առողջապահության նախարարությունը։ Միակ գործառույթը, որ նա ունի, դեղերի գրանցումն ապահովելն է, ինչը չի անում։ Ինչո՞ւ. նախ՝ դեղի գրանցումը թանկ է, 2-րդ՝ նախարարությունը շատ վատ է աշխատում, այդ փորձագիտական կենտրոնը թերի է գործում, ինչքան էլ բարեփոխում են, ՓԲԸ-ն ՀՈԱԿ են սարքում»։