Մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւի հետ եւ քննարկեցինք երկկողմ գործընկերությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղությունը:
Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել, որ անհապաղ ազատ արձակի ապօրինաբար կալանավորված բոլոր անձանց,- X (նախկին Թվիթեր) սոցիալական հարթակի միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բասը: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Ալիեւի օգնականը Վաշինգտոն է գործուղվել, որպեսզի «հասկանա, թե որքա՞ն լուրջ է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ «պատժամիջոցային բանաձեւի» ընդունման հավանականությունը»:
Նույն օրը, սակայն, Վաշինգտոնում Հաջիեւին այլ անակնկալ է մատուցվել: «Թուրան» գործակալության թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ սենատորներ՝ Բեն Կարդինը, Թիմ Քեյենը, Ջեֆ Մարքլին, Բրայան Շացը եւ Քրիս Վանը Սենատին բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով վարչակազմին կոչ է արվում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ՝ Ադրբեջանում, պաշտպանել մամուլը եւ ազատ խոսքի ու հավաքների անցկացման իրավունքը: Փաստաթղթում հատուկ անդրադարձ կա անցյալ նոյեմբերից ի վեր Ադրբեջանում կալանավորված լրագրողներին, նշված են նրանց անունները: Բանաձեւի նախագծով «անհիմն եւ չապացուցվող» է որակվում նրանց ներկայացված մեղադրանքը:
Պետքարտուղարի օգնականի տեղակալ Բասի գրառումից հստակ հասկացվում է, որ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ տեղի է ունեցել ապօրինի կալանավորում, եւ լրագրողներն ու հանրային գործիչները, որոնք մեղադրվում են «արտարժույթի մաքսանենգության» մեջ, պետք է ազատ արձակվեն: Օրեր առաջ Եվրոպայում գործող MeydanTV առցանց հարթակը գրել է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Վաշինգտոնում «երկու լոբբիստական կառույցների հետ պայմանագիր կնքել՝ հակակշռելու Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի ազդեցությունը»:
Նույն աղբյուրի տեղեկացվածությամբ՝ Հաջիեւը Վաշինգտոնում «չափազանց ծանր հանդիպում է ունեցել» Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի որդու հետ, որը, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, Իլհամ Ալիեւի կողմից լիազորված է «աշխատել կոնգրեսականների հետ»: Անար Մամեդովը գլխավորում է ԱՄՆ ադրբեջանական «սփյուռքը»: Շուրջ տասնհինգ տարի առաջ նա Վաշինգտոնում, Նյու-Յորքում, ԱՄՆ այլ քաղաքներում հիմնադրել է «Ադրբեջանական տուն» կոչվող կառույցներ: Ըստ պայմանավորվածության՝ բոլոր ծախսերը հոգում է նրա հայրը:
Ըստ երեւույթին, Հաջիեւը հաշիվ է պահանջել, թե ինչու՞ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում շրջանառության են դրվել «հակաադրբեջանական բանաձեւեր»: Անշուշտ, պարզամտություն է ասել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում գերակա են մարդու իրավունքների եւ մամուլի ազատության պաշտպանությունը կամ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված հայ բնակչության խնդիրը: Ադրբեջանցի որոշ փորձագետներ հստակ սահմանում են, որ լրագրողների, հանրային գործիչների դեմ հետապնդումները մի նպատակ ունեն՝ թուլացնել Ադրբեջանում ԱՄՆ ազդեցությունը, եւդա արվում է Ռուսաստանի պահանջով:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրությունը Հաջիեւի բանակցություններում մարդու իրավունքների եւ մամուլի ու հավաքների ազատության հարցի քննարկման մասին ոչինչ չի ասում: Հասկացվում է, որ Բաքուն չի ընդունում կալանավորված անձանց ազատ արձակման նախապայմանը: Իրավիճակը բարդ է նրանով, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հրապարակայնացրել է, որ ադրբեջանական որոշ ՀԿ-եր եւ լրատվամիջոցներ իրոք գործել են USAID-ի ֆինանսավորմամբ, ինչն Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է:
ԱՄՆ օրենսդրությանը որքանո՞վ է համապատասխանում «Ադրբեջանական տան» եւ այլ կառույցների լոբբիստական գործունեությունը: Կողմերը, հավանաբար, չեն գնա աղմկոտ բացահայտումների: Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերություններն, ըստ երեւույթին, սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին:
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ