27/07/2024

Ռազմա-քաղաքական բոլորովին նոր դերակատարության նախապատրաստություն Ադրբեջանում, ինչ է սպասվում

Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ ԶՈՒ ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Նամիկ Իսլամզադեն:

Անցած շաբաթ «տարիքային առավելագույն շեմին հասնելու» պատճառաբանությամբ այդ պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, թեեւ նա հիսունութ տարեկան է, իսկ «Զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի գործող օրենքով գեներալական կազմի համար թույլատրելի շեմ է սահմանված 65 տարին: Թահիրովը միաժամանակ հանդիսանում էր պաշտպանության փոխնախարար, իսկ Իսլամզադեն նշանակվել է միայն ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատար:

Բաց աղբյուրների տեղեկությամբ՝ Նամիկ Իսլամզադեն ծնվել է 1974թ. մայիսի 7-ին՝ Բարդայի շրջանի Դաշքենդ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում, ընդ որում՝ Նախիջեւանսկու անվան հատուկ ինտերնատ-դպրոցում: Զինվորական կրթություն է ստացել նախ Մինսկում, ապա՝ Բաքվի համազորային ռազմական ուսումնարանում: 1992թ. Իսլամզադեն գործուղվել է Թուրքիա՝ Բարձրագույն ավիացոն ուսումնարան, որն ավարտել է 1996թվականին: Կենսագրականում նշվում է, որ գնդապետ Իսլամզադեն «անձնական մասնակցություն է ունեցել» ղարաբաղյան երկրորդ պատերազմին, արժանացել «հերոսի կոչման»: 2020թ. դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւը նրան շնորհել է գեներալ-մայորի զինվորական աստիճան եւ նշանակել ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատարի տեղակալ:

Երբ 2020թ. տավուշյան մարտերում ոչնչացվեց կորպուսի հրամանատար գեներալ Հաշիմովը, թուրք պաշտոնաթող գեներալ Բախտիար Էհսանը տարակուսեց, թե ինչու՞ են «շարքից հանվում Թուրքիայում ռազմական կրթություն ստացած զինվորականները»: Կարճ ժամանակ անց, քառասունչորսօրյա պատերազմի նախօրեին հայտնի դարձավ, որ Էհսանը գործուղվել է Բաքու: Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա երդում է տվել Ադրբեջանին եւ զբաղեցնում է պաշտպանության նախարարի գլխավոր ռազմական խորհրդականի պաշտոնը: Տեղեկություններ կան, որ Էհսանը փաստացի ղեկավարում է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբը:

Ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահիրովի կենսագրությունը, համենայն դեպս՝ ըստ բաց աղբյուրների տեղեկությունների, այսպես ասած՝ թուրքական հետագիծ չունի: Ռազմական կրթություն նա ստացել է Ռուսաստանում, որտեղից Ադրբեջան է տեղափոխվել 1992 թվականին: Ստացվում է, որ նրան գործող օրենքի կոպիտ խախտումով պահեստազոր են արձակել, որպեսզի փոխարինեն Թուրքիայում բարձրագույն ռազմական կրթություն ստացած Իսլամզադեով: Ադրբեջանում այլեւս բաց հայտարարում են, որ բանակը լիովին անցնում է թուրքական մոդելի: Ռազմական փորձագետ Ջաֆարովը վերջերս խոսել է ռազմաօդային ուժերի արդիականցման անհրաժեշտության մասին:

Ադրբեջանական օդուժի գերակշիռ մասը նախկին խորհրդային է: Ճիշտ է, դրանք Ռուսաստանում ադրիականացվել են, բայց Բաքուն բանակցություններ է վարում Պակիստանի հետ՝ այդ երկրից կործանիչներ ձեռք բերելու համար: Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը գործուղվել է Հորդանան: Փորձագիտական կարծիք կա, որ նա Ամանում բանակցել է Հորդանանի կողմից Պակիստանին վաճառված ամերիկյան F-16 կործանիչներ գնելու հարցը: Ի՞նչ արդյունքի է հասել Հասանովը՝ հայտնի չէ: Բայց ռազամօդային ուժերի հրամանատարի պաշտոնում Իսլամզադեի նշանակումից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում ստացած նրա կրթությունը պահանջված է:

Նրա կենսագրականում կարեւորված է «ռազմական օդանավակայանների եւ ենթակառուցվածքների արդիականացման ծանրակշիռ փորձը»: Ըստ երեւույթին, Իսլամզադեն ոչ միայն մարտական օդաչուի, այլեւ ինժեներա-տեխնիկակն կրթություն ունի: Եթե Ադրբեջանը ձեռք է բերում նոր կործանիչներ, ապա, բնականաբար, պետք է օդանավակայանները եւս արդիականացնի, ստեղծի տեխնիկական սպասարկման եւ պահպանման ենթակառուցվածքներ:

Գեներալ Թահիրովն այդ ծրագրերին դե՞մ է եղել կամ ունեցել է քաղաքական բնույթի նկատառու՞մներ՝ այլեւս էական չէ: Առարկայական է, որ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ռազմադային ուժերի մոդեռնիզացման: Իսկ դա ենթադրում է ռազմա-քաղաքական բոլորովին նոր դերակատարության նախապատրաստություն: