27/07/2024

Իրանը կհամակերպվի՞ Մերձավոր Արեւելքում «շիադավան աղեղը» կորցնելու հեռանկարի հետ, թե Էրդողանը՝ Ալիևին թևի տակ ելք կգտնի

Ադրբեջանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը երկարատեւ խաղաղությանը եւ նույնը սպասում ենք Երեւանից, Թուրքիայի կառավարության նիստից հետո հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը, որը մինչ այդ էլ հեռախոսազրույց էր ունեցել Ալիեւի հետ:

Ալիեւի հետ հեռախոսազրույցի հիմնական պատճառը կամ առիթը թերեւս Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի ողբերգական մահն էր, որ տեղի ունեցավ իրան-ադրբեջանական սահմանին հենց Ալիեւի հետ նրա հանդիպումից ժամեր անց:

Էրդողանն ըստ ամենայնի Ալիեւի հետ հեռախոսազրույցում փորձել է հասկանալ իրավիճակն ու այն հնարավոր առնչությունները, որ դրան կարող էր ունենալ Ադրբեջանը՝ ուղղակի, թե անուղղակի, հաշվի առնելով այն իսրայելական հենակետերի առկայությունը, որ կա Ադրբեջանում: Ի վերջո, շատ փորձագետներ խոսում են այն մասին, որ հնարավոր է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ենթարկվել է արտաքին հեռահար ազդեցության: Սա իհարկե վարկած է, սակայն բավականին քննարկվող եւ միանգամայն տրամաբանորեն հիմնավորված վարկած:

Թուրքիային հուզողն իհարկե լայն իմաստով այն հնարավոր սցենարներն են, որ կարող են ծավալվել ռեգիոնում: Անկախ ամեն ինչից՝ կա արտաքին միջամտություն, թե ոչ, անկասկած է, որ Իրանի նախագահի ողբերգական մահը առաջացնելու է վակուումներ ռեգիոնալ կարեւորագույն դերակատարներից մեկի ներքին կյանքում, որն առանց այդ էլ մշտապես գտնվում է այսպես ասած բավականին լարված նյարդի վիճակում: Որքան էլ հնչի տարօրինակ, մի կողմից լինելով Իրանի ռեգիոնալ մրցակից, Թուրքիան մյուս կողմից այսօր թերեւս շահագրգռված չէ Իրանի թուլացմամբ, որից ավելի շուտ կարող է օգտվել Իսրայելը, այլ ոչ թե Անկարան:

Եվ իհարկե ոչ միայն Իսրայելը, այլ օրինակ նաեւ Սաուդյան Արաբիան եւ արաբական աշխարհը ընդհանրապես: Եվ այդ իմաստով, Էրդողանի համար առնվազն այս շրջափուլում թերեւս էական է այն, որ Իրանի շուրջ չլինի ուժեղ մթնոլորտային ճնշում, որը բերի լուրջ ցնցումների կամ վայրիվերումների: Այդ իմաստով, Ալիեւի հետ նրա խոսակցության առանցքային մոտիվը ըստ ամենայնի եղել է հենց դա:

Մյուս կողմից սակայն, «երկարաժամկետ» խաղաղության մասին հայտարարությամբ Էրդողանը թերեւս ակնարկում է հաղորդուղիների հարցը: Գաղտնիք չէ, որ հենց այդ հարցի լուծումն են Անկարան ու Բաքուն դիտարկում որպես երկարաժամկետ խաղաղության «հիմք», բնականաբար՝ իրենց պատկկերացմամբ լուծումը: Իսկ այդ պատկերացումների հիմնական խոչընդոտը եղել է Իրանը: Անկարան ու Բաքուն գուցե մտմտան, որ առկա իրավիճակում Իրանին իրենց աջակցությունը կարող են «վաճառել» հենց Իրանի վրա՝ հաղորդուղիների հարցում իրանական դիրքորոշումը փոխելու համար:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած Էրդողան-Ալիեւի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ «դրական ուղղությամբ առաջընթացից գոհունակություն հայտնել»:

Էրդողանը միաժամանակ ասել է, որ Թուրքիան «ուշադիր դիտարկում է այդ գործընթացը»: Նրա գնահատմամբ՝ «տարածաշրջանում ապահովվելիք արդարացի եւ կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար»:

Իրանական կողմի հետ, որքան թույլ է տալիս դատել այս պահի տեղեկատվությունը, ոչ Ալիեւը, ոչ Էրդողանը հեռախոսազրույց չեն ունեցել: Ի տարբերություն ՌԴ նախագահի, ով կապ է հաստատել Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ: Իրանում ինչպե՞ս կընկալվի Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույցը: Ըստ երեւույթին, Ալիեւից «հոդափերինյան» բանակցությունների նրբություններին տեղեկացված լինելու անհրաժեշտությունն այս դեպքում ավելի մեծ է, քան՝ դիվանագիտական նրբություններին հետեւելու պատշաճությունն է:

Թուրք-իրանական սառնությունն ակնհայտ դարձավ, երբ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրաքի Քրդստանի առաջնորդ Բարզանիին «խորհուրդ տվեց» տարածաշրջանում համագործակցել ոչ միայն Թուրքիայի հետ: Էրդողանը հայտարարել է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» իրականացնելու որոշման մասին: Նա անգամ անոնսավորել է, որ մեկնարկը կտրվի հունիսին: Իրանում նշանակվել են նախագահի արտահերթ ընտրություններ:

Այդ ընթացքում, բնականաբար, Թեհրանը կաշկանդված է լինելու ներքաղաքական իրավիճակը կառավարելու առաջնահերթությամբ: Բաքվի որոշ փորձագետներ չեն բացառում, որ Իրանի քրդաբնակ շրջաններում կարող են «բոողքի զանգվածային ցույցեր սկսվել»: Հայտնի է, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Ռեիսին Ալիեւի հետ հանդիպումից հետո մեկնում էր Թավրիզ: Ըստ երեւույթին, ուղեւորությունն այնքան անհետաձգելի էր, որ թռիչքի երթուղին չի փոխվել՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին: Դիտարժան է, որ Ռեիսիի ուղղաթիռի կործանումից հետո Իրանի կառավարության արտակարգ նիստը գումարվել է Թավրիզում:

Էրդողանը եւ Ալիեւը քննարկել են նաեւ «տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացները»: ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի Հյուսիսային Կորեա այցը, մինչդեռ Էրդողանը նրան Անկարայում սպասում է տարեսզկբից: Պաշտոնական տեղեկատվության կառուցվածքից տպավորություն է, որ Թուրքիայի նախագահն ադրբեջանցի «եղբորը» հորդորել է հայ-ադրբեջանական գործընթացում «իրավիճակ չսրել»: Ըստ երեւույթին, այդ «կառուցողականությունը» նրան այս փուլում ձեռնտու է այնքանով, որպեսզի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ավելի ազատ գործի:

Իրանի նախագահի արտահերթ ընտրություններով պայմանավորված իրավիճակը նույնպես հնարավորություն է: Բայց Իրանը կհամակերպվի՞ Մերձավոր Արեւելքում «շիադավան աղեղը» կորցնելու հեռանկարի հետ: Խաղադրույթը չափազանց մեծ է: Մեր տարածաշրջանում ֆորս-մաժորի հավանականությունը, երեւի, պայմանավորված կլինի նրանով, թե Իրանը եւ Թուրքիան կմնա՞ն դիմակայության ռեժիմում, կհատե՞ն ուղղակի առճակատման գիծը, թե՞ կհանգեն որոշակի պայմանավորվածությունների: