27/07/2024

Իրանը ողբերգության հետեւանքով մտնում է նախընտրական պայքարի փուլ

Իրանում որոշվել է նախագահի արտահերթ ընտրության օրը: Ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին, իսկ թեկնածուների առաջադրումը՝ մայիսի 28-ից: Առայժմ թեկնածուների առումով առավել շատ շրջանառվող անունը, ընդ որում որպես նաեւ հաղթողի հիմնական հավակնորդ, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆինն է:

Նա ըստ էության համարվում է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի շրջանակի ներկայացուցիչ, քանի որ առնչություն ունի Իրանի հեղափոխությունների պահապանների կորպուսին: Նա եղել է կորպուսի հրամանատարներից մեկը իրան-իրաքյան պատերազմում, հետո ղեկավարել կորպուսի ռազմա-օդային ուժերը: Նա եղել է Թեհրանի քաղաքապետ, եւ երկու անգամ էլ մասնակցել է նախագահի ընտրությանը, բայց 2005 թվականին պարտվել Մահմուդ Ահմադինեժադին, իսկ 2013 թվականին՝ Հասան Ռուհանիին:

Իհարկե Իրանի քաղաքական համակարգը բավականին բազմաշերտ է եւ անշուշտ կլինեն նախագահի այլ թեկնածուներ, եւ իհարկե իշխանության տարբեր թեւերը կփորձեն նախագահի արտահերթ ընտրության հանգամանքը օգտագործել սեփական ազդեցությունն ամրացնելու համար: Նախագահ Իբրահիմ Ռեյիսին համարվում էր Գերագույն հոգեւոր առաջնորդի աջակցությունը վայելող գործիչ: Ավելին, համարվում էր, որ նրա՝ կյանքին հրաժեշտ տալու պարագայում հենց Ռեյիսին կարող է լինել փոխարինողի հիմնական հավակնորդը:

Միով բանիվ, Իրանը ողբերգության հետեւանքով մտնում է նախընտրական պայքարի փուլ, ինչը անկասկած նշանակում է տուրբուլենտության առնվազն մեկամսյա բարդ ժամանակաշրջան, երբ Իրանի ներքին պայքարի կրակի վրա անկասկած կարող են փորձ անել յուղ լցնել եւ ձեռքեր տաքացնել Իրանի հակառակորդ արտաքին ուժեր:

Հայաստանի համար հույժ կարեւոր է, որ հարեւան ու բարեկամ պետությունը հնարավորինս կայուն եւ հնարավորինս արագ հաղթահարի ներկայիս փուլն ու վերգտնի բնականոն ընթացքը: Դա կարեւոր է նրանով, որ Իրանը ներկայումս թե Մերձավորարեւելյան ռեգիոնի, թե Մեծ Մերձավոր Արեւելքի համատեքստում Կովկասի անվտանգության կարեւոր դերակատարներից մեկն է, եւ դերակատար, որի կարմիր գծերն այստեղ առավելագույնս մոտ են Հայաստանի անվտանգության կարմիր գծերին, հետեւաբար Իրանն այդպիսով դառնում է Հայաստանի համար կարեւոր ու զգայուն խնդիրներ լուծելու հարցում առանցքային եւ կարեւոր գործընկեր: Ըստ այդմ, այդ գործծընկերոջ խնդիրների հաղթահարման հարցում Հայաստանն այսօր ամենաշահագրգռված պետություններից մեկն է: