27/07/2024

Չկա ոչ մի հիասթափություն շարժումից, լեփ – լեցուն դահլիճները դրա վկայությունն են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դրսեւորվելու եւ պայքարը շարունակելու հետաքրքիր ձեւեր է գտնում: Մենք չգիտենք, թե ովքեր են շարժման քաղտեխնոլոգները, եւ որտեղ է կազմվում ծրագիրը, բայց պետք է նկատենք, որ վերջին օրերին Բագրատ սրբազանի նախաձեռնած հանդիպումները, որոնք անցնում են լեփլեցուն դահլիճներում եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, շատ խոսուն են:

Հրապարակ թերթը գրել է․ Դրանք նախեւառաջ վկայում են, որ հանրության շրջանում շատ մեծ է իշխանափոխության պահանջը, եւ նախկինում իրենց կարծիքը թաքցնող մարդիկ այլեւս չեն թաքնվում, այլ բացահայտորեն պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների վարած քաղաքականությանը: Բագրատ սրբազանն արդեն հասցրել է տարբեր հանդիպումներ ունենալ քաղաքական, մշակութային գործիչների, բժիշկների, իրավաբանների, պահեստազորի սպաների հետ: Մենք զրուցել ենք սրբազանի հետ հանդիպմանը ներկա գտնված նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի եւ փաստաբան Վահե Եփրիկյանի հետ:

Վահե Եփրիկյան. «Որպես առաքելական եկեղեցու հետեւորդ, քրիստոնյա մարդ՝ բավականին հաճելի ու խաղաղված հանդիպում եմ համարում դա: Բագրատ սրբազանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր, սրբազանը ոչ թե խոսում էր քաղաքականությունից, իրավաբանությունից կամ էլ իրավաքաղաքականությունից ու գեոպոլիտիկայից, այլ պարզապես խոսում էր իր ելույթներին հատուկ ոճով, երկրի գլխին առկախված աղետալի իրավիճակից, փորձում էր դրան տալ գնահատական բարոյական ասպեկտով: Հատկապես իրավաբանների հետ հանդիպմանը կարող է տպավորություն լինել, որ ամեն բան պետք է իրավական նորմերի մեջ լինի, բայց սրբազանի խոսքն այն մասին էր, որ իրավական նորմերին համարժեք է նաեւ բարոյական նորմը, եւ որ այն ունի չափազանց մեծ նշանակություն, հատկապես իրավական հանրույթի համար, որովհետեւ իրավաբանները նախ սովոր են առաջնորդվել իրավական նորմերով: Իրավաբանների կողմից մի քանի հարց հնչեց, բայց, ըստ էության, դրանք ոչ թե ուղենիշային հարցեր էին, այլ պարզապես շփում էր սրբազանի հետ: Ես բարձր եմ դասում Բագրատ սրբազանի խոսույթը: Նա մի հրաշալի օրինակ բերեց` բիբլիական դատավորի օրինակը, երբ դատավորը չի վախենում Աստծուց եւ չի ամաչում մարդկանցից: Սա չափազանց դիպուկ գնահատական էր օրվա իշխանությանը: Այո, մեր իշխանություններն էլ չեն վախենում Աստծուց եւ չեն ամաչում ժողովրդից: Սա կատարյալ սահմանումն ու բանաձեւումն էր այս իշխանության: Հանդիպումների նպատակն այն է, որ սրբազանը հանրության տարբեր շերտերի հետ կոնսոլիդացիայի գնա: Ոչ թե խնդիրը միայն իրավաբաններին կամ բժիշկներին համախմբելն է, այլեւ` բոլորին: Նա նշում է. «Ես լսել եմ տիրոջ ձայնը, Դուք էլ պիտի լսեք այն»: Սա ոչ միայն իրավաբանների ու բժիշկների խնդիրն է, այլեւ բոլորիս խնդիրն է»։

Գագիկ Համբարձումյան. «Հանդիպման առանցքն ու բովանդակությունը մեկն էր, որ սպաները, որոնք, ի դեպ, ոչ միայն պահեստազորի սպաներ էին, այլեւ շատերը գործող սպաներ էին, գտնվեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին: Բոլորս պետք է գիտակցենք, որ այս խունտայի պատճառով երկիր, հայրենիք ենք կորցնում, կորցնում ենք մեր արժանապատվությունը, հատկապես սպաներն այն մարդիկ են, որոնք առավել շատ պետք է մտահոգված լինեն պատվի, արժանապատվության համար: Ես կարծում եմ, որ մարդկանց մոտ չկա ոչ մի հիասթափություն այս շարժումից, լեփլեցուն դահլիճներն այդ մասին են վկայում: Դահլիճում տեղ ու դադար չկար: Բոլորն այն կարծիքին էին, որ երկիրը կործանվում է, իսկ մենք պաշտպանելու ենք շարժմանը: Սրանց պետք է վռնդել, իսկ թե ինչպես` հետեւեք ընթացքին, ես չեմ կարող հիմա ասել կոնկրետ գործիքակազմը: Ամսի 26-ին կոնկրետ ծրագրերի գործիքակազմը կտեսնեք»: