27/07/2024

Ռեիսիի մահը ներիշխանական ուժերի հավասարակշռություն չի փոխում, իսկ «չարակամնե՞րը»

IRNA գործակալությունը տարածել է ուղղաթիռի աղետի առթիվ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթլլա Սեիդ Ալի Խամենիի՝ իրանական ժողովրդին հղած սգո ուղերձը, որտղ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռեիսին բնութագրված է որպես Իրանի ժողովրդի «անկեղծ, հավատարիմ եւ մեծարժեք սպասավոր»:

Նրա համար ժողովրդի բարօրությանը եւ բավարարվածությունը, որ աստվածային բարեհոգության նշան են, վեր էին ամեն ինչից, ուստի անշնորհակալությունից վիրավորանքն ու որոշ չարակամների հարձակումները չէին խանգարում առաջընթացի եւ գործերի շտկման նրա ամենօրյա ջանքերին,- ասված է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի խոսքում:

Երբ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆն ասում է, որ Ռեիսին եւ Աբդոլահիանը «զոհ են գնացել իրենց անկեղծությանը»՝ կարելի է համարել, որ դա ներքաղաքական դիրքավորման դրսեւորում է, բայց երկրի Գերագույն հոգեւոր առաջնարդի պաշտոնական խոսքում ինչու՞ է տեղ գտել «Ռեիսին չարակամներ ուներ» ձեւակերպումը: Սա արդեն, ինչպես ասում են, քաղաքական «ապիկրիզ» է, ինչից հասկացվում է, որ երեկ երեկվա նրա հավաստիացումը, որ ավիավթարի հետեւանքով «երկրի կյանքում ոչինչ չի փոխվի» արվել է բացառապես քարոզչական նպատակով:

Մանավանդ որ նա գրեթե անմիջապես շեշտել է, որ առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը սահմանադրության 131-րդ հոդվածի հիման վրա ոչ ուշ, քան 50 օրում օրենսդիր եւ դատական իշխանությունների հետ «պարտավոր է նոր նախագահի ընտրության միջոցներ ձեռնարկել»: Այդ կերպ, թերեւս, նա հասկացնում է, որ Ռեիսիի մահը ներիշխանական ուժերի հավասարակշռություն չի փոխում կամ, ավելի ճիշտ, ինքը դա թույլ չի տա: Reuters-ի տեղեկացվածությամբ՝ Մոհամեդ Մոհբերը տեւական ժամանակ հանդիսացել է Գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը եւ նրա բարեգործական հիմնադրամների գործադիր կառավարիչը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել հենց Մոհամեդ Մոհբերի հետ: Վերջինս, ինչպես մի շարք աղբյուրներ են նշում, 2022թվականին գլխավորել է Մոսկվա մեկնած իրանական պատվիրակությունը: Այդ բանակցությունների արդյունքում Իրանն սկսել է Ռուսաստանին ԱԹՍ-եր եւ բալիստիկ հրթիռների մատակարարել: Իրանի առաջին փոխնախագահի, նախագահի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ մայիսի 19-ին աղետի լուրն ստանալուն պես ամեն ինչ արվել է, որպեսզի Էբրահիմ Ռեիսիի կյանքը փրկվի, բայց «ողբերգությունն արդեն տեղի էր ունեցել»:

Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ Ռեիսիի մահն իր համար «անձնական բարեկամի եւ դաշնակցի կորուստ է»: Մոսկվայում կա՞ մտավախություն, որ Իրանի ներքաղաքական նոր դասավորությունը չի երաշխավորի հարաբերությունների ներկայիս մակարդակի պահպանումը կամ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի շուրջ քննարկումները «կմտնեն փակուղի»: Բաքվում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին Ռեիսի-Ալիեւ հանդիպումից կարճ ժամանակ առաջ haqqin.az-ին հարցազրույցում դժգոհել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում Իրանին «ոչինչ չի թողել»:

Ըստ երեւույթին, Իրանի քաղաքական վերնախավում նման տրամադրություններ կան: Արդյոք նրանք Ռեիսիի «չարակամնե՞րն» են, որոնց մասին խոսել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը, թե՞ Ռեիսին ունեցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» նախաձեռնություն: Որեւէ եզրակացության համար առարկայական հիմքեր չկան, բայց չի հետեւում, թե Իրանի նախագահական ընտրությունները քաղաքական անակնկալ չեն մատուցի: