Միացյալ Նահանգները հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի կիրառման պարագայում կվերանայի Վրաստանի հանդեպ վիզային քաղաքականությունը:
Վաշինգտոնն ընդհանրապես սպառնում է Վրաստանի հանդեպ քաղաքականության վերանայմամբ, ինչի հանդեպ սակայն Թբիլիսին անդրդվելի է: Ավելին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նույնիսկ հայտարարեց, որ Եվրահանձնակատարներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում իրեն սպառնացել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի օրինակով:
Ընդ որում, Ընդլայնման եւ հարեւանության հարցերի Եվրահանձնակատարը Օլիվեր Վարհեյը խոստովանել է, որ բերել է այդ օրինակը, ասելով, թե իր խոսքը սակայն Կոբախիձեն կտրել է կոնտեքստից: Նա ասել է, թե նկատի ունի, որ փողոցում իրավիճակը կարող է լարվել եւ դուրս գալ վերահսկողությունից: Բայց այն, որ Թբիլիսին բարձրաձայնում է այդ զգուշացումների մասին, վկայում է, որ գործնականում որեւէ կերպ մտադիր չէ տեղի տալ զգուշացումներին կամ սպառնալիքներին: Վրաստանում իրավիճակը արդեն ըստ էության լիովին հանգել է կամ-կամ-ի կետին, որը առանցքային նշանակություն է ունենալու թե Կովկասի համար, թե աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստի:
Բանն այն է, որ Վրաստանի հարցը միայն Կովկասի հարց չէ, այլ նաեւ սեւծովյան ավազանի, որը լինելու է դեպի Եվրամիություն այսպես ասած կանաչ միջանցքի տարանցման գոտին: Խոսքը մալուխի մասին է, որ ծրագրում է անցկացնել Եվրամիությունը, եւ որով դեպի Եվրոպա է տեղափոխվելու վերականգնվող էներգիա: Ծրագիրը արժենալու է մոտ 5 միլիարդ դոլար: Ինչպես հայտնի է, Եվրամիությունը դիտարկում է այդ մալուխային ծրագրին նաեւ Հայաստանի միացումը:
Ծրագրի իրականացման հարցում սակայն վճռորոշ է լինելու թերեւս այն, թե ինչ հարաբերություն են ունենալու Վրաստանն ու Եվրամիությունը: Անկասկած է, որ, եթե Վրաստանում կառավարող ուժը պահում է իր դիրքերը, Եվրամիությանը այլ բան չի մնում, քան գնալ որոշակի քայլերի՝ իր «դեմքը պահելու» համար, սահմանափակելով Վրաստանի հետ հարաբերությունը: Այդ դեպքում բարդ է պատկերացնել, որ Կանաչ միջանցքի ծրագիրը կարող է դառնալ իրականություն: Հնարավոր է, որ նաեւ դրա համար է Վրաստանում տեղի ունեցողի հանդեպ ադրբեջանական պրոպագանդայի դիրքավորումը այսպես ասած պրոեվրամիութենական:
Բանն այն է, որ Ադրբեջանն ակնկալում է լինել Կանաչ միջանցքի առանցքային «մատակարարներից» մեկը, եւ այդ հարցերը Իլհամ Ալիեւը մասնավորապես քննարկել էր Գերմանիա կատարած իր այցի ընթացքում, նաեւ ծրագրում է դարձնել Բաքվում կայանալիք Cop29-ի «մեխերից» մեկը:
Վրաստանի շուրջ ծավալվում է իսկապես վճռորոշ պայքար, որը կանխորոշելու է Կովկասի աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական ապագան, եւ էապես ազդելու է նաեւ սեւծովյան ավազանի համար պայքարի ընթացքի վրա: Հայաստանը փետրվարին ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել Թբիլիսիում եւ անշուշտ պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը չպետք է առկախվի Վրաստանում քաղաքական կողմնացույցից:
Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարեւան է անկախ ամեն ինչից, հետեւաբար փետրվարյան փաստաթղթի կապիտալիզացիայի ուղղությամբ աշխատանքը չպետք է հայտնվի սպասողական ռեժիմում:
Բաց մի թողեք
Ռուսաստանը եւ Թուրքիան, այո, միասին ուժեղ կլինեն, խնդիրն այն է՝ նրանք միասին կլինե՞ն
Իրանը՝ սպաների միջոցով, «քաղաքավարի զգուշացրել» է Ադրբեջանին
Դեսպան Կոպիրկինը ԱԽ քարտուղար Շոյգուի հետքերով՝ ինչ է փորփրում ՌԴ Իրանում ու սահմանին