27/07/2024

ՌԴ ԱԴԾ ղեկավարը խոսում է Բաքվում Լոնդոնի «իշխանափոխության ծրագրի՞ց»

Բիշքեկում ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների նիստին ելույթում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ տնօրեն Բորտնիկովն ասել է, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հետխորհրդային երկրների համար «վտարանդի կառավարություններ են ձեւավորում, որպեսզի նրանց ներքին անկայունության դեպքում բերեն իշխանության»:

Բորտնիկովի տեղեկացվածությամբ՝ Վաշինգտոնը եւ Լոնդոնը նաեւ այդ երկրներում ,,ձգտում են տոտալ հսկողություն հաստատել՝ օգտագործելով «ենթակա ընդդիմդարի կուսակցություններին, ոչ առեւտրային կազմակերպությունները եւ պսեւդո-անկախ լրատվամիջոցները»:

Սա, ինչպես ասում են՝ որպես «օպերայի նախերգանք»: Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի բուն ասելիքն այն է, որ Մեծ Բրիտանիայն «ձգտում է հաստատվել Կենտրոնական Ասիայում, որպեսզի ազդեցությունը տարածի նաեւ Աֆղանստանում»: Աշխարհագրական առումով Մեծ Բրիտանիան Կենտրոնական Ասիա կարող է մտնել կամ Հարավային Կովկասից, կամ՝ Իրանից: Եթե համարենք, որ Իրանի տարածքով Կենտրոնական Ասիա անգլիական մուտքի տարբերակը երեւակայության ժանրից է, մանավանդ որ լոգիստիկ առումով էլ անհարմար է, ապա Լոնդոն-Աստանա-Տաշքենդ կոմունիկացիայի մի լոգիստիկա կա՝ Արեւելյան Եվրոպա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Ուզբեկստան:

Ուշագրավ է, որ Բորտնիկովի զգուշացումը հնչում է մի փուլում, երբ Ադրբեջանը նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Անցած նոյեմբերից ի վեր առնվազն երկու տասնյակ լրագրող, ոչ կառավարական կազմակերպության ղեկավար եւ հանրային գործիչ է կալանավորվել: Ի հեճուկս քաղաքական որոշ ուժերի լավատեսության, Ալիեւի չի փոխում սահմանադրությունը, նոր խորհրդարանը նույնպես կձեւավորվի մեծամասնական ընտրակարգով: Ամեն ինչ ռուսաստանյան թրենդի մեջ է:

Բայց կա «միջին միջանցքի» թողունակության մեծացման, Բաքվի նավահանգստի արդիականացման, Ալյաթում նորի կառուցման խոստում, ծրագիր, որի ֆինանսական հովանավորը Եվրամիությունն է: Իլհամ Ալիեւը, պատկերավոր ասած՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թիկունքից Բրյուսելի կամ Փարիզի հետ խոսելիս կարող է «խարակտեր ցույց տալ»:

Այլ է Լոնդոնի պարագան: Նախ BP-ն Ադրբեջանում տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգի ներդրումներ ունի, Բաքու-Ջեյհան նավթամուղի, այսինքն՝ ալիեւյան իշխանության աորտայի, գլխավոր օպերատորն է: Բայց այդ Լոնդոնը, Մոսկվային հավասար՝ իշխող ընտանիքի գաղտնիքների դեպոզիտարիան է:

Ռուսաստանի ԱԴԾ տնօրենն, ըստ այդմ, ի՞նչ է ակնարկում: Զգուշացնու՞մ է Ալիեւին: Ինչի՞ց: Բաքվում Լոնդոնի «իշխանափոխության ծրագրի՞ց»: Սեպտեմբերին սպառվում է «դարի պայմանագրի»՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործման պայմանագրի ժամկետը: 1994թ. Ռուսաստանը «ծնկած էր» եւ բաց զիջեց Կասպիցի էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղիների վերահսկողության «անկապտելի իրավունքը»: Մի մասով դա պայմանավորված էր ԼՂ հարցում Մոսկվայից Բաքվի «խռովածությամբ»:

Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն: Նման փորձ Մոսկվան եւ Լոնդոնն ունեն. 1919-ի տարեվերջին բրիտանացիները Բաքվից հեռացել են, որպեսզի Ռուսաստանը վերադառնա Անդկովկաս:

Մինսկում Լուկաշենկո-Պուտին բանակցությունների համատեքստում ուշադրություն է գրավում IRNA գործակալության կարճ տեղեկատվությունը, որ նրանք «քննարկել են հանգուցյալ Ռեիսիին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված միջադեպը»: Իրանական լրատվամիջոցը փոխանցում է Ռուսաստանի նախագահի այս գնահատականը. «Մենք Իրանի՝ որպես երկրի, ժողովրդի եւ ղեկավարության հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսամ, որ Ռուսաստանի հանդեպ Իրանի կողմնորոշումը քաղաքականության եւ համագործակցության ոււղության մեջ միջազգային առանցքային հարցերում կշարունակվի»:

Բավական երկիմաստ եւ մանվածապատ այս ձեւակերպումից հասկացվում է, որ ՌԴ նախագահն Իրանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման «վտանգ է տեսնում»: Իսկ դա, կարծես, վկայում է, որ ինչ-որ տեղ ՌԴ եւ Բելառուսի նախագահն «ընդհանուր հայտարարի չեն եկել»: Դիմավորելով Վլադիմիր Պուտինին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման հենց առաջին րոպեներին շտապել է հայտնել, որ Ադրբեջանից «լավ տեղեկություններով եւ հետաքրքիր առաջարկություններով» է վերադարձել՝ կապված «մեր (ռուս-ուկրաինական պատերազմի) եւ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության հետ»:

Այդ «առաջարկությունները» նա ստացել է մայիսի 16-17-ին: Երկու օր անց Իրանի նախագահի ուղղաթիռն Ադրբեջանից օդ բարձրանալուց կես ժամ անց խորտակվել է: Ալիեւի «նոու-հաուն» վերաբերվում է Կովկասում «հետռեիսիական» անվտանգային համակարգին, թե՞ նա նախատեսել է նաեւ Իրանի ներգրավվածությունը՝ ինտրիգը դա է:

Ռուսաստանի նախագահի՝ Իրանի աշխարհաքաղաքական դիրքորոշման անփոփոխ մնալու «հույսի» բացահայտումը, կարծես, վկայում է, որ նա «չի ընդունել Ալիեւի առաջարկությունները»: Նույն օրը Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկինը «խորհրդակցությունների համար» Մոսկվա է կանչվել: Այդ առթիվ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ «դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են կանչվում»,: Բայց ավելացրել է, որ Մոսկվա են «վերադառնում խորհրդականները, առաջին քարտուղարը, կցորդը»: Խոսքն, անշուշտ, ռազմական կցորդի մասին է:

Մինսկում, ամենայն հավանականությամբ, քննարկվել է ոչ թե Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի պատահարը, այլ՝ աղետի աշխարհաքաղաքական ենթատեքստը, ներիրանական հնարավոր զարգացումները, դրանց ենթադրյալ ազդեցությունը Թեհրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման «փոփոխությանը»: Որքանո՞վ է Վլադիմիր Պուտինը «բացվել» Լուկաշենկոյի առջեւ՝ Միութենական պետության երկու «սյուների» խնդիրն է: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Լուկաշենկոյի միջոցով Պուտինին փոխանցել է ուկրաինական հարցում «միջնորդության առաջարկություն»: Ըստ երեւույթին, դա չի ընդունվել կամ միայն «առնվել է ի գիտություն»:

Ալիեւը խուսափում է հետխորհդային տարածքում Մոսկվայի «հողահավաք նախագծին» ուղղակի ներգրավվելուց, փորձում բարձրացնել Ադրբեջանի եւ իր կարգավիճակը: Այն կառույցում, որտեղ նա ձգտում է ֆորմալացվել, Իրանը ներկա է՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն: Թեհրանն, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա ի դեմս Բաքվի ունենալ իր «քաշին համապատասխանող» հյուսիսային հարեւան: Եթե Մոսկվան նույնպես այդ գծի մեջ է, ապա Հայաստանի համար դա լուրջ հնարավորություն է: Եւ հետեւաբար հայ-ռուսական հարաբերությունները հիմնավոր վերբեռնման կարիք ունեն: