16/07/2024

Ընդդիմության վարչապետի թեկնածուն Բագրատ արք․ Գալստանյանն է, երթ դեպի կառավարության ամառանոց

Բագրատ արք․ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում:

Հրապարակում պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հայտարարեց, որ ընդդիմության թեկնածուն Բագրատ արք․ Գալստանյանն է:

Վերջինս նշեց, որ դադարում է լինել հոգևորական և խնդրել է Ամենայն հայոց կաթողիկոսին սառեցնել որպես հոգևորական իր կապը:

Նշենք՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ և 148-րդ հոդվածները հստակ սահմանում են վարչապետին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ վարչապետ կարող է լինել միայն այն անձը, ով վերջին 4 տարվա ընթացքում եղել է բացառապես ՀՀ քաղաքացի։

Այս դրույթից բխում է, որ ՀՀ վարչապետի թեկնածու դառնալու համար արք․ Գալստանյանը ոչ միայն պետք է հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլև դրանից հետո 4 տարի ժամկետով լինի բացառապես ՀՀ քաղաքացի։

Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օրվանից ասել եմ, որ այս պայքարը չակնկալիքների պայքար է։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ արք․ Գալստանյանը։

«Այս շարժումը սկզբնավորված մեր սահմանագոտուց ստի դեմ հանուն ճշմարտության բերեց հասցրեց այս հանգրվանին՝ մեր Տիրոջ օրհնությամբ։

Ես չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ու նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, լեզուս էլ չի պտտվում ասելու, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառի, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք, որ իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան, այդ պատճառով Վեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել։ Ստանձնելու ու կրելու եմ իմ ողջ անձնական պատասխանատվությունը»,- ասաց նա

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին Բագրատ արք․ Գալստանյանը ուղղորդեց շարժվել դեպի կառավարական ամառանոցների տարածք։ Նա իր առաջարկը հիմնավորեց վարչապետի հետ հանդիպման ցանկությամբ: Նա ասաց, որ գիտե, որ ի պաշտոնե լեգիտիմություն չունի, գուցե բարոյական լեգիտիմություն ունենա, տցամարդ լինի ու դուրս գա ժողովրդի հետ հանդիպման։