20/07/2024

Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը. Լուսանկարներ

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլու) բնակավայրում մայիսի 26-ին նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը:

Համայնքի բնակիչներն ու հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ: Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել այս օրը հիշել այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին երկար ժամանակ լռել են: Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանությունների ու Անի համայնքի ներկայացուցիչները։

«Այնքան ոգևորիչ է մասնակցել մի միջոցառման, որը հայ ժողովրդի աննկուն կամքի, պայքարի, հայի չկոտրվող ոգու ու հայրենիքի պաշտպանության մասին է խոսում։ Հին է մեր հայրենիքը, նրա լեռներն ու ժայռերն են մեզ տվել իրենց կարծրությունը, աննկունությունը, որոնք մեր հոգում, մեր սրտում համբերություն ու համառություն, ուժ ու կորով են դարձել։ Այսօրինակ միջոցառումները խոսում են ոչ միայն հայրենասիրության, հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածության մասին, այլ նաև անցյալը չմոռանալու և նոր սերունդներին երկրի նկատմամբ սիրով, մեր պապերի, մեր հայրերի ու եղբայրների, մեր որդիների արյան ու կյանքի գնով պաշտպանած հայրենիքն ու հողը պաշտելու ու անկոտրում կամքով դաստիարակելու մասին»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել ...

Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Շատերի համար այս ճակատամարտը դեռ բացահայտված չէ: Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու եկեղեցին: Սակայն, ցավոք երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել՝ այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ գործողությունները, իրականացվել են ոչ թե զինվորների, այլ միայն աշխարհազորի՝ Սոգյութլույի ու հարևան գյուղերի բնակիչների կողմից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես արդեն հաստատում են Հայաստանի ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստել են Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետո թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն, արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացել են համախմբվել և Գունի ու Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը։

Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի ...