21/06/2024

Տղամարդը ընկերոջ երեխայի մկրտության ժամանակ վիճաբանել է, կանանցից մեկի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, կրակել

39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորելով ոչ ադեկվատ և ագրեսիվ վարքագիծ՝ խնջույքի մյուս մասնակիցների հետ նա խոսել է կոպիտ ու բարձր տոնով՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել:

Ընկերոջ կողմից արված դիտողությունից և նրան հեռանալու պահանջ ներկայացվելուց վրդովված՝ 39-ամյա տղամարդը, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, վիճաբանել է ընկերոջ հետ, կին հյուրերից մեկի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ տալով նաև անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ:

Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված և պահվող ատրճանակով, դուրս է հրավիրել ընկերոջը և շարունակել վիճաբանել վերջինիս հետ։ Այդ ընթացքում իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նա օդ է կրակել՝ խնջույքի մասնակիցների մոտ վախի զգացում առաջացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի, համակեցության կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդուն, առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու վերաբերյալ։

Վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նույն տեսակի հրազեն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: