09/10/2024

Ռուսաստանի վերնախավում տեղի ունեցող խորքային տրանսֆորմացիաներ. ծաղրածու Օվերչուկը վկա

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի բարդություններ չկան, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը: Սա ըստ էության հայտարարություն է հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի մասին:

Իհարկե մեկ հայտարարությամբ հնարավոր չէ ընդգրկել ամբողջ լայն գործընթացը, ըստ էության պատմա-քաղաքական գործընթացը, սակայն Օվերչուկի հայտարարությունը դրա ինդիկատորներից մեկն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդակցությունների նպատակով Մոսկվա է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Այս կանչի առնչությամբ եղան շատ դիտարկումներ, սակայն բաց մնաց թերեւս կարեւոր ասպեկտներից մեկը: Կոպիրկինը խորհրդակցության համար Մոսկվա է կանչվել Ռուսաստանի վերնախավում տեղի ունեցող խորքային տրանսֆորմացիաների ֆոնին: Իսկ դրանք արտահայտվեցին թե նոր կառավարության ձեւավորման գործընթացի կադրային նշանակումներով, թե նաեւ արտահայտվում են պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն աղմկոտ գործերով ու ձերբակալություններով:

Ահա այդ ֆոնին է Կոպիրկինը կանչվում Մոսկվա: Այլապես, հայ-ռուսական հարաբերությունում այլ իմաստով ըստ էության առանձնապես տեղի չի ունեցել մի բան, որը դառնար դեսպանին կանչելու առիթ: Նիկոլ Փաշինյանն օրինակ առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում Ռուսաստանի հասցեին կոշտ ակնարկներով:

Կոպիրկինի կանչի խորքային պատճառները թերեւս Մոսկվայում են, ներվերնախավային վերադասավորումներում, եւ այդ իմաստով է հատկանշական Օվերչուկի հայտարարությունը: Հայ-ռուսական հարաբերության առումով Ռուսաստանի վերնախավում ըստ ամենայնի սկսում է գերակայել ընդգծված տնտեսական բաղադրիչը:

Սա ունի մի շարք թե տակտիկական, թե ռազմավարական պատճառներ, որոնց առիթ կլինի անդրադառնալ ապագայում: Ավելին, սա ուշագրավ հանգամանք է նաեւ այն ֆոնին, որ անգամ Ռուսաստանում պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվում տնտեսական գիտությունների դոկտորը, որն ըստ Պուտինի՝ պետք է լուծի ռազմաարդյունաբերության ու տնտեսության «ինտեգրացիայի» հարցեր:

Այստեղ թերեւս ժամանակի ընթացքում ի հայտ են գալու եւ առանձնանալու են ռեգիոնալ քաղաքականության վրա ազդող ուշագրավ շերտեր: